Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը ներառում է Արևմուտքի ռազմական արձագանքը ՌԴ-ի կողմից հրադադարի խախտմանը. FT

Քաղաքականություն

03.02.2026 | 16:34

Բրիտանական Financial Times-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Ուկրաինան իր արևմտյան գործընկերների հետ համաձայնության է եկել անվտանգության երաշխիքների նախագծի շուրջ, որը նախատեսում է «կամավորների կոալիցիայի» ռազմական արձագանք Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման դեպքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրները հայտնում են, որ այս ծրագիրը քննարկվել է ուկրաինացի, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների միջև դեկտեմբերին և հունվարին մի քանի հանդիպումների ժամանակ։ Այն նաև կքննարկվի չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Աբու Դաբիում կայանալիք եռակողմ ամերիկա-ուկրաինա-ռուսական բանակցությունների ժամանակ։

Ըստ FT-ի՝ Ռուսաստանի կողմից հրադադարի հնարավոր խախտմանը արևմտյան դաշնակիցների արձագանքը կլինի հետևյալը.

  • Պատասխանը կհետևի 24 ժամվա ընթացքում։ Այն պետք է ենթադրի Արևմուտքի դիվանագիտական ​​նախազգուշացում և Ուկրաինայի զինված ուժերի կողմից գործողություններ՝ խախտումը դադարեցնելու համար։
  • Եթե ​​ռազմական գործողությունները շարունակվեն դրանից հետո, պետք է սկսվի արձագանքի երկրորդ փուլը։ Այն պետք է ներառի այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» ուժերը, որը Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների խումբ է,  պատրաստ է զորքեր ուղարկել երկիր հրադադարի դեպքում։
  • Եթե ​​հրադադարի խախտումը վերաճի ավելի լայնածավալ հարձակման, ապա արևմտյան ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից համակարգված արձագանքը պետք է հետևի սրացումից հետո 72 ժամվա ընթացքում։

Հրապարակման մեջ չի նշում, թե ինչպիսին պետք է լինի արևմտյան դաշնակիցների ռազմական արձագանքը կամ արդյոք դա կենթադրի ռուսական զորքերի հետ ուղղակի ռազմական բախում։

Ռուսաստանը բազմիցս առարկել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայմանը։ Նա նաև պատրաստ չէ դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը չհամաձայնի իր զորքերը դուրս բերել ամբողջ Դոնբասից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment