Բաքվում քրեական գործ է հարուցվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ խուլիգանության և ֆիզիկական բռնության փաստով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալի շրջանում՝ թիվ 225 միջնակարգ դպրոցի մոտ։
Real TV հեռուստաալիքի նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Հաղորդվում է, որ խումբը ռեպորտաժ էր պատրաստում նշված ուսումնական հաստատության 7-րդ դասարանի աշակերտուհու ողբերգական մահվան մասին։ Ծեծկռտուքի ընթացքում նկարահանող խմբի օպերատորը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրավապահ մարմիններն օպերատիվ արձագանքել են միջադեպին։
««Real վերլուծական և տեղեկատվական կենտրոնի» աշխատակիցների նկատմամբ խուլիգանական գործողությունների փաստով քրեական գործ է հարուցվել։ Իրավախախտումը կատարած երեք անձանց ինքնությունը պարզվել է, և նրանք պատասխանատվության են ենթարկվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- հայտնել են գերատեսչությունից։
Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին Բաքվի Յասամալի շրջանում գտնվող թիվ 225 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Գ․Դադաշովան ընկել է շենքի չորրորդ հարկից և ստացած վնասվածքներից մահացել։ Դեպքի առթիվ Յասամալի շրջանի դատախազությունը հետաքննություն է իրականացնում։