Կոսաչև․ Եթե ՀՀ ներկայիս ռուսաֆոբներն ամրապնդեն իրենց դիրքերը, ապա ՌԴ-ի հետ հարաբերությունները կարող են անշրջելի դառնալ

Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Բրյուսելին մեղադրել է «խարդախության» մեջ։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունն իրականում չի սպասում Հայաստանի անդամակցությանը։

«Ոչ ոք Հայաստանին չի սպասում Եվրամիությունում. սա Բրյուսելի հերթական խարդախությունն է»,- գրել է Կոսաչովն իր տելեգրամյան ալիքում։

Նա նաև կարծիք է հայտնել, որ անդրատլանտյան հանրության գլխավոր նպատակը Հայաստանի ու Ռուսաստանի կապերը բարդացնելն է։ Կոսաչովը հավելել է, որ նկատվում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման միտում, մինչդեռ այդ հարաբերությունները կերտվել ու ամրապնդվել են նախորդ սերունդների ջանքերով։ Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ եթե հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում հակառուսական տրամադրություններ ունեցող գործիչներն ամրապնդեն իրենց դիրքերը, ապա ճգնաժամը կարող է անդառնալի դառնալ։

Դաշնային խորհրդի փոխնախագահը նաև նշել է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը հակառուսական քայլ է, քանի որ, ըստ նրա, ԵՄ սահմաններից դուրս մեկ վայրում հազվադեպ կարելի է տեսնել նման քանակությամբ «ռուսատյացների»։ Միևնույն ժամանակ, Կոսաչովը հիշեցրել է, որ Մոսկվայում, այդ թվում՝ Դաշնային խորհրդում, վստահ են, որ Հայաստանը հարգում է Ռուսաստանի հետ ունեցած ընդհանուր պատմությունը և քայլեր չի ձեռնարկի Ռուսաստանին վնասելու համար։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վավերացրել է ԵՄ-ի հետ կապերն է՛լ ավելի խորացնելու մտադրության մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի ապրիլից, թեև անդամակցության պաշտոնական առաջարկ դեռևս չկա։ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հստակեցրել է, որ այս օրինագիծը անդամակցության հայտ չէ, այլ միայն արտահայտում է համագործակցությունն ուժեղացնելու ձգտումը։

News.am

Leave a comment