Փաշինյանն ու Մակրոնը «գաղտնազերծել են» Պրահայի քառակողմ հանդիպումը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն որոշ մանրամասներ են ներկայացրել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման մասին:

Նրանք դա արել են մայիսի 4-ին ի պատիվ Ֆրանսիայի նախագահի տրված պետական ընթրիքի բաժակաճառերի ժամանակ:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ քառակողմ հանդիպմանը մասնակցել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հանդիպումը կայացել էր «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ «այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է»։ 
«Այսօրվա մեր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձեւավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ 
Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, սկզբունքայնություն, հետեւողականություն, համոզվածություն, աներերություն, վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե որեւէ մեկն ինձ պատմեր այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ մինչեւ հիմա, երբ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ 
Երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլեւս չունի ոչ մի հույս եւ հենարան, եւ չկա մի ուժ եւ անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք եւ շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, եւ նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, եւ այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որեւէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ եւ հնարավորինս ամենաարագ եւ առարկայական եւ կոնկրետ ձեւով ստացած չլինեմ նրա արձագանքը», – ասել է Հայաստանի վարչապետը:
Էմանուել Մակրոնն էլ, մասնավորապես, ասել է.
«Ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, եւ Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։
Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչեւ որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիեւի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է եւ, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, եւ այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։
Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել եւ այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։
Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, եւ կանգնել արդար պայքարի կողքին։
Ահա թե ինչու ձեր կատարած ընտրությունը՝ լիակատար անկախության, խաղաղության, այս անկայուն տարածաշրջանում կայունության, Եվրոպայի եւ բարգավաճման ընտրությունը, այն ընտրություններն են, որոնց մենք աջակցում ենք։ Որովհետեւ մենք դրանք եւս մեկ անգամ արդար ենք համարում, որովհետեւ դրանք լավ ենք համարում ձեր երկրի համար, որովհետեւ կարծում ենք, որ դրանք համապատասխանում են պահի պահանջներին, այն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական համահունչությանը, որն անհրաժեշտ է Հայաստանին եւ Եվրոպային։ Եվ որովհետեւ մենք ցանկանում ենք լինել այդ ճանապարհի մի մասը։
Ուրեմն թույլ տվեք այս երեկո շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վերջին տարիներին Ձեր ցուցաբերած խիզախության համար՝ ձեր երկիրը այս տարածաշրջանում առաջնորդելու որպես խաղաղության եւ պատասխանատվության երկիր։ Խաղաղություն ցանկանալը, երբ քեզ վրա հարձակվում են, մեծ խիզախություն եւ համարձակություն է պահանջում։ Եվ որպես երկիր, որն ընտրել է Եվրոպան։ Այժմ Եվրոպայի հերթն է ցույց տալու, որ այն համապատասխանում է այդ ընտրությանը»:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայուն կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունվել էր հետեւյալ հայտարարությունը.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Leave a comment