Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Մակրոնի համար․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս զարգացման փուլում Մակրոնի դերակատարությունը եղել է շրջադարձային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը նախատեսվում է ամրագրել ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունմամբ՝ որպես Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք։
«Այսօր մեզ համար շատ կարևոր և մեծ իրադարձություն է տեղի ունենում, և մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր երկրի ավանդական և հավատարիմ բարեկամ երկրի նախագահը՝ նաև իմ անձնական բարեկամը, գտնվում է Հայաստանում։ Այս իրադարձությունը ունի կրկնակի նշանակություն»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում անցում է կատարել գոյատևման օրակարգից դեպի զարգացման օրակարգ՝ ձևավորելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված նոր ռազմավարություն։
Վարչապետը շեշտել է, որ այդ նոր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ձևավորման առանցքային հանգրվանը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որտեղ, նրա բնորոշմամբ, Էմանուել Մակրոնը հանդես է եկել բացառիկ վճռականությամբ և սկզբունքայնությամբ։
«Այն, ինչ ես այդ օրը տեսել եմ՝ այդպիսի համոզմունք, նվիրվածություն, սկզբունքայնություն և վճռականություն, ես չեմ կարդացել ոչ մի գրքում»,– նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման ընթացքում ձևավորված մոտեցումները դարձել են Հայաստանի ներկայիս իրականության հիմքերից մեկը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այդ գործընթացները նպաստել են Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման հեռանկարների ձևավորմանը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Մակրոնի աջակցությունը Հայաստանին եղել է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև անձնական մակարդակում՝ ընդգրկելով անվտանգությունը, ինքնիշխանությունն ու պետականության ամրապնդումը։
«Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը»,– ասել է նա՝ նշելով, որ այդ աջակցությունը արտահայտվել է կոնկրետ քայլերով և որոշումներով։
Փաշինյանը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում դեպք, երբ Հայաստանի պետական շահերին վերաբերող հարցերում Մակրոնի արձագանքը չլինի արագ, կոնկրետ և գործնական։
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի կողմից Ֆրանսիայի նախագահին շնորհված բարձրագույն պարգևը իրականում գնահատանքի արտահայտություն է այն շրջադարձային ծառայության համար, որը Մակրոնը մատուցել է Հայաստանին։
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի ներկաներ, ես առաջարկում եմ, որ մենք բաժակ բարձրացնենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մեծ բարեկամ, եղբայր և հարազատ Էմանուել Մակրոնի համար»,– ասել է Փաշինյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար՝ անդրադառնալով նաև 2022 թվականի աշնան իրադարձություններին և տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին։
«Այդ պահին կարծում եմ, որ Ֆրանսիան իր պարտքն է կատարել։ Շատերը Եվրոպայում և այլուր մեզ նայում էին՝ չհասկանալով, թե ինչու ենք մենք այդքան սատարում Հայաստանին։ Բայց մենք եղել ենք ձեր կողքին, որովհետև դա արդար էր, ուղղակի որովհետև արդարը դա էր»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատմության ընթացքում բազմիցս պայքարել է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, և այդ պայքարը եղել է արդար։
«Մեզ համար անհրաժեշտ էր լինել այդ արդար պայքարի կողքին, որպեսզի միջազգային իրավունքը հարգվի»,– ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան նման դիրքորոշում է ցուցաբերել անկախ քաղաքական կամ տնտեսական հաշվարկներից։
Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերությունների խորը պատմական արմատներին՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ կարևորել է հայ ժողովրդի նկատմամբ աջակցությունը՝ սկսած պատմական ճգնաժամերի ժամանակներից մինչև մեր օրերը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի համար պատիվ է եղել ընդունել հայ գաղթականներին և ընդգծել է նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ՝ հիշատակելով, մասնավորապես, Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի դերը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի կողմից ընտրված զարգացման ուղին՝ այն բնութագրելով որպես խաղաղության, կայունության և եվրոպական արժեքների ընտրություն։
«Այն ընտրությունը, որ դուք կատարել եք՝ խաղաղության, կայունության, Եվրոպայի և բարգավաճության ընտրությունը, մենք գտնում ենք արդար և ճիշտ ձեր երկրի համար»,– նշել է նա։
Մակրոնը հայտնել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախատեսվող ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ երկկողմ հարաբերություններում՝ ամրապնդելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի։
«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կառուցել այս պատմությունը»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի ղեկավարության խիզախությունը՝ խաղաղության ուղին ընտրելու հարցում։
«Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար։ Եվ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի»,– ասել է Մակրոնը։
Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը առաջարկել է բաժակ բարձրացնել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու երկրների համագործակցության հետագա զարգացման համար։