Yerevan Today կայքը մայիսի 4-ին լուր է հրապարակել ՌԴ պետական Russia Today գործակալության ղեկավար, Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի մասին՝ պնդելով, թե վերջինս Ուկրաինայի նախագահի այցով պայմանավորված հայտարարել է Հայաստանը գրավելու անհրաժեշտության մասին։
«Սա այնպիսի անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից, որին մենք այնքան անգամ ենք փրկել։ Ժամանակն է մտածել այդ երկրում ռուս բնակչության և մեր շահերի պաշտպանության մասին։ Եթե ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ապա նրա հաջորդը հաստատ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել»,- ըստ հայկական ԶԼՄ-ի՝ հայտարարել է Սիմոնյանը:
Նույն հրապարակումն արել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։
Այս լրատվամիջոցները, սակայն, չեն նշել տեղեկության սկզբնաղբյուրը, մասնավորապես՝ ի՞նչ ռեսուրսներում է Սիմոնյանը նման հայտարարություն արել։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սիմոնյանին վերագրվող այդպիսի տեսանյութ է հրապապարկվել X-ի Nasha Canada (արխիվացված) կոչվող օգտահաշիվներից մեկում։ Հատկանշական է, որ տեսանյութը տարածում են ադրբեջանական կայքերն ու սոցիալական մեդիայի ռեսուրսները (1, 2)։
FIP.am-ը պարզել է, որ տեսանյութի բնօրինակը հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ, ռուսաստանյան հեռուստատեսություններից մեկի՝ НТВ-ի եթերում. այնտեղ հաղորդավար Լեռա Կուդրյավցեվային Սիմոնյանը պատմում է իր անձնական կյանքում վերջին դրամատիկ զարգացումների մասին։
Սիմոնյանը տեսանյութում առհասարակ քաղաքական հարցերի չի անդրադառնում. միևնույն ժամանակ, մեկ ամիս առաջ հրապարակված տեսանյութում Սիմոնյանը չէր կարող քննադատել Հայաստանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավիրելու համար։
Սրան զուգահեռ, այլ բաց աղբյուրներում չկան Սիմոնյանի կողմից ՀՀ-ում անցկացվող միջազգային միջոցառման մասին հայտարարություններ։ Սոցիալական ցանցերի նրա էջերում գրառումները մի քանի օրվա վաղեմություն ունեն և ընդհանրապես չեն առնչվում Զելենսկու՝ Հայաստան այցին։
Այսպիսով, ադրբեջանական աղբյուրներում, ինչպես նաև Yerevan Today-ում մեդիայում հրապարակված լուրն ու տեսանյութը կեղծ են, դրանց բովանակությունը հաստատող որևէ հրապարակում չկա։
Նանե Մանասյան
The post Զելենսկու այցի մասին Մ․ Սիմոնյանի հայտարարությունը չի հաստատվում․ այն տարածել են «Yerevan Today»-ը և ադրբեջանական մեդիաները appeared first on FIP.AM.