Նեյմարը մարզման ժամանակ ապտակել է Ռոբինյոյի որդուն

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ բախվել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդու՝ Ռոբինյո Ժունիորի հետ, հաղորդում է Globo-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մարզաբազայում կայացած մարզման ընթացքում։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին դուր չի եկել, որ իր 18-ամյա թիմակիցը խաղային դրվագներից մեկում շրջանցել է իրեն՝ դա ընկալելով որպես անհարգալից վերաբերմունք։

34-ամյա ֆուտբոլիստը Ռոբինյո կրտսերին խնդրել է հանգստանալ, սակայն բանավոր վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի։ Ականատեսների խոսքով՝ Նեյմարը նաև ապտակել է ակումբակցին ու գցել գետնին։

«Սանթոսը» և Ռոբինյո Ժունիորի գործակալը հրաժարվել են մեկնաբանել միջադեպը, իսկ Նեյմարի շրջապատում հայտարարել են, որ ոչինչ չգիտեն այդ մասին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մարզումից հետո Նեյմարը ակումբի բազայում զրուցել է Ռոբինյո կրտսերի հետ և ներողություն խնդրել իր հուզական արձագանքի համար։ Նշվում է, որ խաղացողների միջև կոնֆլիկտը հարթվել է։

Leave a comment