Ներկայացնում ենք հատվածներ գագաթնաժողովին մասնակից պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների ելույթներից ։
Անտոնիու Կոշտա, Եվրոպական խորհրդի նախագահ
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ քաղաքական որոշումների համար, որը նա կայացրել է՝ Հայաստանին ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Այս գագաթնաժողովը պատմական է, քանի որ առաջին անգամ ԵՔՀ-ն անցկացվում է Հարավային Կովկասում։ Այն պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի շնորհիվ. այդ համաձայնագիրը խաղաղության պատմություն է Եվրոպայում, որը պետք է նշվի այն աշխարհում, որտեղ, կարծես, գերիշխում են լարվածությունն ու պատերազմը, պատմական է, քանի որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ ոչ եվրոպացի գործընկեր՝ Կանադայի վարչապետը»։
Կայա Կալաս, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ
«Եվրոպան աշխարհագրություն չէ, այն արժեքներ եւ սկզբունքներ է, այդ պատճառով մենք շատ ուրախ ենք այստեղ ողջունել Կանադային:
Այս գագաթնաժողովի անցկացումը Երեւանում ցույց է տալիս, թե որքան կարեւոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաեւ դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջեւ ծառացած մարտահրավերների»։
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ
«Այժմ մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի հետ փոխհրաձգությունների հետեւանքով զոհեր չենք ունեցել, եւ սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախությունից ի վեր։ Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ մեր երկու երկրներում խաղաղությունն ամրապնդելու եւ ինստիտուցիոնալացնելու համար։ Սա նաեւ առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման՝ թեեւ առցանց ձեւաչափով։
Հուսով եմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի դեպ, Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների անցկացման համար»։
Իլհամ Ալիեւ, Ադրբեջանի նախագահ (տեսակապի միջոցով)
««Թրամփի ուղին հանուն խաղաղության եւ բարգավաճման» հասնելու է Հայաստանով դեպի Նախիջեւան, եւ դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը: Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, եւ իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»:
Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ
«Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք. 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Եվ այն փաստը, որ այսօր այսքան շատ այցելություններ են կատարվում ձեր երկիր, լավ ազդանշան է։
Նախկինում մի շարք երկրներ Հայաստանը դիտարկում էին այլ կերպ. 8 տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը եւ որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է եւ շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների։
Կարեւոր է Հայաստանի եվրոպական ընտրությունը. փաստը, որ նա որոշում կայացրեց աշխարհի եւ Եվրոպայի մասին, շատ ուժեղ ազդանշան է»։
Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ
«Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին մաղթում է բացառապես խաղաղություն:
Շատ կարեւոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ. ի դեպ, 24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան, սա, իսկապես, նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը»։
Այսպես խոսեցին Կոշտան, Կալասը, Փաշինյանը, Մակրոնը, Ալիեւը, Զելենսկին
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: