Համաձայնագիրը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները նաև մշակույթի ոլորտում. Մարտիրոսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սա Հայաստանի եւ Հունաստանի միջեւ մշակութային տարբեր բնագավառներում համագործակցության կարեւոր համաձայնագիր է, ինչպես նաեւ նախադեպ՝ մյուս երկրների հետ նման համաձայնագիր կնքելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 3-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները եւ ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու եւ դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունները թույլ են տալիս ընդլայնելու երկկողմ հարաբերությունները նաեւ մշակույթի ոլորտում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների մասին տեղեկությունների փոխանակում, ինչպես նաեւ մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի աջակցել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման եւ վերադարձի հարցում՝ գործող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին եւ համաձայնագրերին համապատասխան:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: