Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում նշել է, որ 2022-ի ԵՔՀ-ի գագաթնաժողովը կարևոր դեր ունեցավ խաղաղության հաստատման հարցում, երբ քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ըստ նրա՝ այժմ Հայաստանը ընթանում է շատ կարևոր նախագծի ճանապարհով։

«Դա TRIPP-ն է, որը կնպաստի խաղաղությանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանի երթուղիները՝ ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից արևմուտք, հարավից դեպի հյուսիս»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արդեն 2 տարի է, ինչ խաղաղություն կա Ադրբեջանի հետ, և որևէ մեկը չի տուժել փոխհրաձգության պատճառով․ «Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր»,- շեշտել է նա։

«Առաջին անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում։ Հույս ունեմ, հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- շեշտել է վարչապետը։

Leave a comment