Երբ պոռոտախոսությամբ թիրախավորվում է նախագահի դիվանագիտական խոսքը
Դավոսում ՀՀ նախագահի շնորհակալան խոսքը, որն ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ խաղաղության գործընթացը առաջ տանելու համար, որևէ կերպ հանգիստ չի տալիս որոշ պոռոտոախոս շրջանակների։
Ինչպես հաճախ է լինում, որոշ քաղաքական ու մեդիա շրջանակներ միտումնավոր դուրս կոնտեքստից դուրս բերեցին նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքը՝ փորձելով այն ներկայացնել որպես թուլություն կամ զիջում։ Իրականում միջազգային դիվանագիտության մեջ նման ձևակերպումները սովորական են և ծառայում են մեկ նպատակի՝ ցույց տալու, որ տվյալ կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության։
Եվ ահա այսօր կրկին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Այն կազմակերպել էին նույն ուժերը, որոնք տարիներ շարունակ չեն տարբերակել դիվանագիտությունը պոռոտախոսությունից։
Պետական քաղաքականությունը չի կառուցվում բարձրագոչ հայտարարություններով, թշնամու դրոշներ այրելով կամ «գնալու ենք Բաքու թեյ խմելու» դատարկ ճառերով։ Այդ հռետորաբանության հետևանքները մենք արդեն տեսել ենք՝ ծանր գին վճարելով։ Պոռոտախոսությունը ոչ միայն խաղաղություն չի բերում, այլ հաճախ արագացնում է աղետը։
Դիվանագիտությունը պահանջում է սթափ հաշվարկ, պատասխանատվություն և իրավիճակի իրատեսական գնահատում։ Այն կառուցվում է ոչ թե հույզերի, այլ մտածված քայլերի վրա։
Դրոշ այրելը, ռազմահայրենասիրական գրառումներն ու պաստառները՝ հայրենասիրություն չեն։ Երբ քաղաքական խոսքը վերածվում է աղմուկի ու ներքին հաշվեհարդարի գործիքի, տուժում է պետության շահը։
Խաղաղության գործընթացի մասին խոսելը կամ դրա կարևորությունը շեշտելը չի նշանակում համաձայնություն հակառակորդի բոլոր քայլերի հետ։ Դա նշանակում է գիտակցել, որ Հայաստանի անվտանգությունն ու ապագան հնարավոր չէ ապահովել պոռոտախոսությամբ, այլ միայն խելամիտ և հետևողական դիվանագիտությամբ։
Այս շրջանակների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք շարունակում են քաղաքականությունը ընկալել որպես բեմական ներկայացում, որտեղ աղմուկն ավելի կարևոր է, քան արդյունքը։ Նրանց համար հայրենասիրությունը չափվում է բարձր ձայնով ու կոշտ բառապաշարով, ոչ թե պետության իրական կարողություններով ու ռիսկերով։ Երբ դիվանագիտական լեզուն հայտարարվում է «դավաճանություն», իսկ պոռոտախոսությունը՝ «սկզբունքայնություն», պետությունը մնում է անպաշտպան ոչ միայն արտաքին ռիսկերի, այլ նաև ներքին անլրջության առաջ։ Սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ պատասխանատվությունից փախուստ՝ փաթեթավորված բարձրագոչ կարգախոսներով։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։