ՍԱՏՄ-ն սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ է հայտնաբերել մանկապարտեզի խոհանոցում. գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՍԱՏՄ-ն սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ է հայտնաբերել Շահումյանի մանկապարտեզի խոհանոցում:
Կոմիտեի տեղեկացմամբ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն եղել հարթ և նորոգված, ծեփը թափված է եղել։
Առաստաղները նույնպես չեն եղել ապահով և չեն պահվել նորոգ վիճակում՝ ունենալով տարբեր մեծության ճաքերով, ինչպես նաև կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
«Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ», – նշված է հաղորդագրության մեջ: