ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են





Cessna 421C փոքր ինքնաթիռը, որում գտնվում էին փիքլբոլի (pickleball) խաղացողներ, կործանվել է Տեխասի բլրապատ տեղանքի ծառերի մեջ: Ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են, հայտնում է Associated Press-ը:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով հինգշաբթի՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ուիմբերլի քաղաքում, որը գտնվում է Օստինից մոտ 64 կիլոմետր դեպի հարավարևմուտք, հայտնել են Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտից:

«Օդաչուն և չորս ուղևորները տեղում մահացած են հայտարարվել», — լրագրողներին ասել է սերժանտ Բիլի Ռեյը:

Իշխանությունները դեռ չեն հրապարակել զոհվածների անունները, սակայն Ամարիլլո քաղաքի փիքլբոլի ակումբը հայտնել է, որ նրանք ակումբի անդամներ էին և մեկնում էին մրցաշարի:

Խաղացողները ուղևորվում էին Նյու Բրաունֆելսի Cranky Pickle ակումբ՝ մասնակցելու փիքլբոլի մրցաշարի, որը գտնվում է Սան Անտոնիոյից մոտ 48 կիլոմետր դեպի հյուսիսարևելք, հայտնել է մարզադաշտի գլխավոր մարզիչ Մարտին Ռոբերտսոնը:

Ըստ նրա, ուրբաթ օրվա մրցաշարը չեղարկվել է։ Շաբաթ օրը՝ խաղերի մեկնարկից առաջ, կազմակերպիչները նախատեսում են աղոթքել և հարգել զոհված մարզիկների հիշատակը։

Տարածքի առնվազն մեկ օդաչու հաստատել է, որ ինքնաթիռի վթարային ռադիոփարոսը տագնապի ազդանշան է տվել: Դրանից հետո կարգավարը կանչել է 911 ծառայություն։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, վթարից քիչ առաջ Նյու Բրաունֆելսի շրջանում հիմնականում ամպամած է եղել, իսկ երկու ժամ անց այնտեղ ամպրոպ է սկսվել։

Մոտ 3 հազար բնակիչ ունեցող Ուիմբերլին և շուրջ 116 հազար բնակչություն ունեցող Նյու Բրաունֆելսը հայտնի զբոսաշրջային ուղղություններ են Տեխասի Hill Country տարածաշրջանում:




դիտվել է 75 անգամ

Leave a comment