Հունվարի 29-ին և 30-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում՝ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ քննարկելու «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» կրթամշակութային ծրագրի հնարավոր իրականացումը մարզում։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքյանը և ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը ներկայացրել են ծրագրի գաղափարախոսությունը, նպատակները, իրականացման մեխանիզմները, ինչպես նաև նախորդ երկու փուլերի ընթացքում Տավուշի և Արագածոտնի մարզերում գրանցված արդյունքները։
«Նշվեց, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ 91 շահառու փոքրիկ հնարավորություն է ստացել բացահայտելու հայկական մշակույթը՝ այցելելով երկրի առաջատար մշակութային կենտրոններ։
Առաջիկայում նախատեսվում է ընտրել Լոռու մարզի այն բնակավայրերը, որտեղից շարադրության փոքրիկ մրցույթի միջոցով կընտրվեն 60 մշակութասեր երեխաներ։ Նրանք հնարավորություն կստանան մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի այս ուսումնաօժանդակ և արժեքահեն ծրագրին՝ անցնելով կրթական ու հիշարժան մշակութային ճամփորդություն, որը միտված է ձևավորելու գիտակից, հետաքրքրված և մշակույթով ապրող սերունդ»,- ասվում է հաղորդագրության մեջ: