ԱՄՆ-ի հատկացումների հանձնաժողովը նախատեսում է զգալի ֆինանսական աջակցություն Հայաստանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է օրինագիծ, որը թույլատրում է ազգային անվտանգության և Պետդեպարտամենտի գործունեության ֆինանսավորումը 2027 ֆինանսական տարվա համար։ Օրինագիծը նախատեսում է Հարավային Կովկասի երկրներին ընդլայնված աջակցություն՝ ԱՄՆ ռազմավարական շահերն առաջ մղելու նպատակով։

Օրինագծի համաձայն՝ Հարավային Կովկասի երկրներին միջոցներ կհատկացվեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, ինտեգրումն ու փոխկապակցվածությունն ամրապնդելու, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանին. հանձնաժողովը խորհուրդ է տվել ավելացնել «Միջազգային ռազմական կրթության և վարժանքների» (IMET) և «Արտաքին ռազմական ֆինանսավորման» (FMF) ծրագրերի բյուջեն՝ 2026 ֆինանսական տարվա համեմատ։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Պետքարտուղարին՝ օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում Կոնգրեսին ներկայացնել մանրամասն զեկույց «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության շրջանակներում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։

Զեկույցում պետք է նշվեն նախագծի հիմնական գործընկերները, այդ թվում՝ ներդրողները, ինչպես նաև նկարագրվի դաշնային այնպիսի գործակալությունների դերը ենթակառուցվածքային և տնտեսական նախաձեռնությունների իրականացման գործում, ինչպիսիք են Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) և ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալությունը (USTDA)։

Հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո օրինագիծը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի լիագումար նիստերում, որից հետո միայն կներկայացվի նախագահի ստորագրմանը։

Leave a comment