ԿԳՄՍՆ-ն «Մշակութային վերջին զանգ»-ի անցկացման շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին


ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին հայտնում է նախարարությունը։


Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:


Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.


Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր


  • ազգային և այլ պարերի կատարում

  • հայկական և համաշխարհային երգերի կատարում (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):


Գրականություն


Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում


Բեմականացումներ


Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ:


Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ


Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:


Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ:


Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ՝ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։


Հայտը ներառում է՝


  • միջոցառման ծրագիրը (սցենար)

  • 10 լուսանկար միջոցառումից

  • միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):


Ժյուրին մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտերը՝ հետևյալ չափանիշներով՝


  • ծրագրի բովանդակություն,

  • լեզվական բաղադրիչ,

  • երաժշտական ​​ բաղադրիչ,

  • միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:


Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցութի արդյունքները կամփոփվեն հունիսին։


ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:


Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-699 /600/ հեռախոսահամարին:


Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում:

Դիտումների քանակ5

Leave a comment