«Ազատություն». ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ կթողարկի սահմանափակ քանակով հուշանվերային անձնագրեր՝ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով։
Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի հայտարարության համաձայն՝ անձնագրերը կթողարկվեն հուլիսին ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում։
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվել, որ անձնագրերը կպարունակեն Թրամփի դիմանկարը։ Այդուհանդերձ, Պետդեպարտամենտի ներկայացրած պատկերներում երևում է, որ Թրամփի դիմանկարը տեղադրված է անձնագրում՝ 1776 թվականին Անկախության հռչակագրի ստորագրման տեսարանի դիմաց։
«Այս անձնագրերը կունենան անհատականացված գեղարվեստական ձևավորում և կատարելագործված պատկերներ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության այն նույն առանձնահատկությունները, որոնք ԱՄՆ անձնագիրը դարձնում են աշխարհի ամենաապահով փաստաթղթերից մեկը», – նշել է Փիգոթը։
Նաև ԱՄՆ դրամահատարանն է հայտարարել երկրի հիմնադրման տարեդարձի առթիվ Թրամփի պատկերով հուշադրամ թողարկելու ծրագրերի մասին, իսկ ֆինանսների նախարարությունը նշել է, որ թղթադրամների վրա կտեղադրվի Թրամփի ստորագրությունը․ սա կլինի առաջին դեպքը, երբ գործող նախագահը կստորագրի ԱՄՆ թղթադրամները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: