Պուտինը և Թրամփը 1,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկուկես ժամ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Զրույցի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ ժամանակավոր հրադադար հայտարարել, ինչին Թրամփն աջակցություն է հայտնել։ Վերջինս նաև նշել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման գործարքը, իր գնահատմամբ, մոտ է։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ 2025 թվականի սկզբից Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել ավելի քան 20 հազար զոհվածների մարմին, մինչդեռ ուկրաինական կողմից ստացվել է շուրջ 500 մարմին։ Պուտինը նաև ընդգծել է, որ հակամարտության կարգավորման համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է դրական արձագանքի նախկինում ներկայացված առաջարկներին։

Պուտինը ներկայացրել է իրավիճակը մարտական գործողությունների գոտում՝ նշելով, որ ռուսական զորքերը առաջ են շարժվում և ճնշում հակառակորդին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նպատակները կիրագործվեն, սակայն Մոսկվան նախընտրում է հասնել դրանց բանակցությունների միջոցով։

Կրեմլի ղեկավարի գնահատմամբ՝ Կիևի իշխանությունները ձգձգում են հակամարտությունը, ինչպես նաև, նրա խոսքով, կիրառում են «ահաբեկչական մեթոդներ»՝ քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածներ հասցնելով։

Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Թրամփը ներկայացրել է իր գնահատականները տարածաշրջանի վերաբերյալ, իսկ Պուտինը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր ցամաքային գործողությունը կլինի «անթույլատրելի և վտանգավոր»։ Նա նաև դրական է գնահատել Իրանի շուրջ հրադադարի ռեժիմը պահպանելու որոշումը՝ այն դիտարկելով որպես կայունացման գործոն։

Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Թրամփին՝ վերջինիս դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ և խստորեն դատապարտել այդ հանցագործությունը։

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հնարավորությունները։ Բացի այդ, Պուտինը շնորհավորել է Մելանյա Թրամփին՝ ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա ներդրումը ռուս և ուկրաինացի երեխաների ընտանիքների վերամիավորման հարցում։

Զրույցի ավարտին Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները՝ ինչպես անձնական մակարդակով, այնպես էլ իրենց օգնականների միջոցով։

Leave a comment