ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և 2016 թվականի դեմոկրատական նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել են ներկայանալ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովին և վկայություն տալ մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էպստեյնի գործով, գրել են «Reuters»-ը և «The New York Times»-ը։
Քլինթոնները նախկինում հրաժարվել են վկայություն տալ Կոնգրեսում՝ նաև հայտարարելով համագործակցելու իրենց պատրաստակամության մասին։ Նրանք պնդել են, որ վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ցանկանում է անցկացնել քաղաքական դրդապատճառներով դատավարություն, որը «բառացիորեն նախատեսված է մեզ բանտ նստեցնելու համար»։
Վերահսկիչ հանձնաժողովը խորհուրդ է տվել դեմոկրատներին մեղադրել Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Սա կարող է հանգեցնել քրեական հետապնդման: Առավելագույն պատիժը մինչև մեկ տարի ազատազրկում և 100,000 դոլար տուգանք է։
NYT-ը գրել է, Ներկայացուցիչների պալատը, ինչպես սպասվում է, մի քանի օրից կքվեարկի երկու դեմոկրատներին Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, որը ողջունել է զույգի համաձայնության մասին լուրը, չի մանրամասնել, թե արդյոք օրենսդիր մարմինը կհրաժարվի նախատեսված քվեարկությունից, հաղորդել է Reuters-ը։
Նախկինում հարցաքննության ժամանակ Էպստեյնը հրաժարվել է պատասխանել Բիլ Քլինթոնի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերին, որի անունը և լուսանկարները հայտնվում են ֆինանսիստի քրեական գործում: Հետաքննիչներին անպատասխան է մնացել այն հարցը, թե արդյոք Քլինթոնը այցելել է Էպստեյնի կղզի, որտեղ, ըստ հետաքննիչների, իրականացվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնություն: