«Փաստ» օրաթերթը գրում է.
Սկիզբը՝ նախորդ համարում
Բնականաբար, շատ մեծ նշանակություն ունեն նաև բանակի կառուցվածքային բարեփոխումները։ Հիերարխիական համակարգը, որը ժառանգություն է խորհրդային ժամանակներից, պետք է փոխարինվի ճկուն, ժամանակակից կազմակերպչական կառուցվածքով։ Բանակը պետք է լինի մոբիլ, արագ արձագանքող և ինքնավար ստորաբաժանումների վրա հիմնված։ Պրոֆեսիոնալ սպայական կորպուսը պետք է ստանա համապատասխան կրթություն ժամանակակից ռազմական ակադեմիաներում, որտեղ կուսումնասիրեն ոչ միայն ավանդական ռազմական գիտությունները, այլև արդի հիբրիդային պատերազմի մեթոդները, կիբերպատերազմը, տեղեկատվական գործողությունները և անօդաչու համակարգերի կիրառումը։ Միջազգային համագործակցությունը և զորավարժությունները տարբեր գործընկերների հետ կարող են զգալիորեն բարձրացնել հայկական բանակի մասնագիտական մակարդակը։
Պահեստազորի համակարգի արմատական վերակազմակերպումը նույնպես կարևոր է։ Փոքր երկրի համար անհնար է պահպանել մեծ մշտական բանակ, հետևաբար պահեստազորը պետք է լինի արագ մոբիլիզացվող, լավ պատրաստված և արդի զենքով հագեցած։ Իսրայելի պահեստազորի մոդելը, որտեղ քաղաքացիները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ և պահպանում են պատրաստակամությունը, կարող է հիանալի օրինակ լինել Հայաստանի համար։ Պահեստազորայինները պետք է իմանան իրենց դերը, ունենան համապատասխան սարքավորումների ու զենքերի հետ աշխատելու փորձ և կարողանան շատ արագ ինտեգրվել մարտական ստորաբաժանումների մեջ ճգնաժամային իրավիճակում։
Ռազմական արդյունաբերության զարգացումը ռազմավարական անհրաժեշտություն է։ Երկիրը, որը ամբողջությամբ կախված է զենքի ներմուծումից, խոցելի է արտաքին սանկցիաների, էմբարգոների կամ մատակարարող երկրների քաղաքական որոշումների նկատմամբ։ Ուստի, շատ կարևոր է, որ Հայաստանը զարգացնի սեփական պաշտպանական արդյունաբերությունը, որը կարող է արտադրել առնվազն հիմնական անհրաժեշտ զենքերը՝ ընդհուպ գոնե անօդաչու սարքերը և էլեկտրոնային համակարգերը։ Սա ենթադրում է հետազոտության և զարգացման ծրագրերի ֆինանսավորում, պետական պատվերների համակարգ և մասնավոր հատվածի ներգրավում։
Զինծառայողների պատրաստման համակարգը ևս պետք է արմատապես բարեփոխվի։ Ժամանակակից զինծառայողը պետք է լինի տեխնոլոգիապես գրագետ, ֆիզիկապես պատրաստ, հոգեբանորեն կայուն և բարձր մոտիվացված։ Զորակոչի առաջին օրերից սկսած՝ զինծառայողները պետք է ստանան ինտենսիվ պատրաստում, որը ներառում է ոչ միայն ավանդական զինծառայողական հմտությունները, այլև տեխնոլոգիական գործիքների օգտագործումը, առաջին բուժօգնության տրամադրումը, հոգեբանական կայունությունը ճնշման պայմաններում և թիմային աշխատանքը։
Հրամանատվության և վերահսկողության համակարգերը հարկավոր է ինտեգրել միասնական ցանցի մեջ։ Արդի պատերազմում որոշումների արագությունը և ճշտությունը որոշիչ են։ Զինված ուժերը պետք է ունենան գործելու ռեժիմում տեղեկություն ստանալու, վերլուծելու և որոշումներ կայացնելու կարողություն։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են օգնել վերլուծել մեծ տվյալների հոսքերը, կանխատեսել թշնամու գործողությունները և առաջարկել օպտիմալ ռազմավարություններ։ Այս տեսանկյունից Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները «խելացի բանակ» ստեղծելու համար։
Լոգիստիկան և մատակարարման շղթաները պետք է լինեն անխափան և դիմացկուն։ Արցախյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ լոգիստիկայի խնդիրները կարող են թուլացնել նույնիսկ լավ պատրաստված զինված ուժերը։ Հայաստանը պետք է ստեղծի ժամանակակից լոգիստիկ համակարգ, որը ապահովում է զինամթերքի, սննդի, դեղամիջոցների և այլ անհրաժեշտ ռեսուրսների անխափան մատակարարումը։ Որոշ հատվածներում պետք է ստեղծվեն ստորերկրյա պահեստներ և պաշարներ, որոնք պաշտպանված են օդային հարվածներից և կարող են ապահովել երկարատև պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսները։
Բժշկական ծառայությունը և վիրավորների տարհանման հնարավորությունները նույնպես պետք է բարելավվեն։ Յուրաքանչյուր զինծառայող պետք է ստանա մանրակրկիտ առաջին բուժօգնության պատրաստություն, իսկ բանակը պետք է ունենա բավարար քանակությամբ ռազմաբժիշկներ, շտապօգնության ուղղաթիռներ և բժշկական տարհանման արդի համակարգեր։ Վիրավորին մարտական դաշտից հեռացնելու և հիվանդանոց տեղափոխելու արագությունը հաճախ որոշում է նրա ապրելու հնարավորությունները։
Հոգեբանական պատրաստվածությունը և մարտական ոգին նույնքան կարևոր են, որքան տեխնոլոգիական առավելությունը։ Զինծառայողները պետք է հավատան իրենց նպատակին, գիտակցեն, թե ինչի համար են կռվում, և պատրաստ լինեն զոհաբերությունների։
Մյուս կողմից՝ ազգային գաղափարախոսության զարգացումը, հայրենասիրական դաստիարակությունը և պատմական հիշողության պահպանումը հիմնարար են ուժեղ բանակ ստեղծելու համար։ Հայ ժողովուրդը ունի հարուստ պատմություն անկախության և գոյության համար պայքարի, և այս պատմությունը ուղղակի ոգեշնչող է նոր սերունդների համար։
Միևնույն ժամանակ, բանակը պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ և զերծ սեփական կարողությունները թերագնահատելուց, այնպես էլ գերագնահատելուց։ Օբյեկտիվ ինքնագնահատականը և իրական սպառնալիքների ճիշտ ըմբռնումը կարևոր են ճիշտ ռազմավարություն մշակելու համար։
Ռազմավարական դաշինքները և միջազգային համագործակցությունը նույնպես էական դեր են խաղում երկրի անվտանգության ապահովման գործում։ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգային գործընկերությունները և զարգացնի հարաբերություններ տարբեր երկրների հետ։
Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի հիմնական անվտանգային գործընկերը, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել այս կախվածության սահմանափակությունները։ Հայաստանը պետք է զարգացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հունաստանի և այլ երկրների հետ, որոնք կարող են մատակարարել արդի զենքեր և տեխնոլոգիաներ։
Բնականաբար, տնտեսական ուժը և անվտանգային համակարգը փոխկապակցված են։ Երկիրը չի կարող ունենալ ուժեղ բանակ առանց ուժեղ տնտեսության։ Առաջնային նշանակություն ունի այն, որ Հայաստանը կենտրոնանա տնտեսական զարգացման վրա, ներգրավի ներդրումներ, զարգացնի արդյունաբերությունը և տեխնոլոգիական հատվածը։ Ունենալ ավելի մեծ տնտեսություն նշանակում է ավելի շատ հարկային եկամուտներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանությանը։ Բայց կարևոր է նաև պաշտպանական բյուջեի արդյունավետ օգտագործումը։ Կոռուպցիան և անարդյունավետ ծախսերը պետք է վերացվեն, իսկ յուրաքանչյուր դրամ պետք է ծախսվի առավելագույն արդյունավետությամբ։
Թափանցիկությունը և հաշվետվողականությունը պաշտպանական ծախսերում պետք է դառնան նորմ։ Ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քայլ լինի հաշվարկված ու միտված խնդիր լուծելու, այլ ոչ թե զենքեր գնվեն առանց հրթիռների, որոնք պատերազմի ժամանակ կդառնան անգործունակ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ