Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով

Քաղաքականություն

29.04.2026 | 17:44

Գերմանիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Բեռլինում քրեական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ղազախստանի քաղաքացու՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով, գրում է Current time-ը։

Նրա լրիվ անունը չի հրապարակվում։ Փաստաթղթերում նա նշված է որպես Սերգեյ Կ.։ Դատարանը նրա նախնական կալանքի հարցը կորոշի ապրիլի 29-ին։

Քննության  տվյալներով՝ ձերբակալվածը կապի մեջ է եղել ռուսական հետախուզական ծառայությունների հետ առնվազն 2025 թվականի մայիսից՝ նրանց փոխանցելով տեղեկություններ։ Այս տեղեկատվությունը ներառում էր տվյալներ, որոնք վերաբերում էին Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը և գերմանական պաշտպանական արդյունաբերության վիճակին։ Ենթադրաբար, հատուկ հետաքրքրություն էին ներկայացնում անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկայի արտադրողները։

Հետաքննողները նաև կարծում են, որ կասկածյալը լուսանկարել է ռազմական ավտոշարասյուները մայրուղիներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ավտոշարասյուները, ինչպես նաև Բեռլինի կառավարական շենքերը: Ավելին, ըստ մեղադրողների, նա «տեղեկացրել է իր հետախուզական կոնտակտին Գերմանիայում դիվերսիայի համար հարմար թիրախների մասին և առաջարկել է լրացուցիչ մարդկանց հավաքագրել դիվերսիոն և լրտեսական խմբի համար»:

Խուզարկություն է իրականացվել կասկածյալի բնակարանում, ինչպես նաև մեկ այլ անձի տարածքում, որը գործով կասկածյալ չի համարվում: Իշխանությունները չեն հրապարակել խուզարկությունների արդյունքները:

Անվտանգության ուժերի աղբյուրների համաձայն՝ կան նշաններ, որ Սերգեյ Կ.-ն նախկինում մասնակցել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում ռուսական կողմից ռազմական գործողություններին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment