Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:
Կայքի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։