Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են Միացյալ Նահանգներ՝ քառօրյա պետական այցով։
Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և ՄԹ կառավարության միջև առկա լարվածության պայմաններում, որը կապված է Իրանի շուրջ զարգացումների հետ։
Թագավորական զույգը վայրէջք է կատարել «Էնդրյուս» համատեղ ավիաբազայում, որտեղից ուղևորվել է Սպիտակ տուն։ Նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Սպիտակ տանը տեղի է ունեցել փակ ձևաչափով թեյախմություն, որից հետո կողմերը մասնակցել են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում կազմակերպված ընդունելությանը։
Նմանատիպ ձևաչափով ընդունելություն վերջին անգամ անցկացվել էր 1939 թվականին՝ Գեորգ VI թագավորի և Ելիզավետա թագուհու այցի ընթացքում։
Պետական այցը դիտարկվում է նաև որպես փորձ՝ մեղմելու անգլո-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ այս այցը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
Այցի շրջանակում Չարլզ III-ը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ դառնալով պատմության մեջ երկրորդ բրիտանական միապետը, ով հանդես կգա այնտեղ։ Առաջինը եղել է Ելիզավետա II թագուհին՝ 1991 թվականին։
Այցի ավարտին թագավորական զույգը կմեկնի Նյու Յորք, որտեղ նախատեսված է մասնակցություն սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։