Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հարցով շուրջ 4 ժամ տևած դատական նիստից հակասական զգացողություններ է առաջացրել պաշտպանական կողմի մոտ։
Փաստաբան Արսեն Բաբայանը նիստից հետո ասել է. «Հակասական վերաբերմունք ունեմ, որովհետև դատարանի դահլիճում թվում էր, որ իրավաբանությամբ պետք է զբաղվեին, բայց ուրիշ բանով էինք զբաղվում»։
Նրա փոխանցմամբ՝ Արշակ Սրբազանը լավ էր, սակայն ինքն էլ նիստի ընթացքում հակասական տպավորություններ է ունեցել։
«Իմ իմանալով՝ իրավաբանությունը պետք է տրամաբանության հետ կապ ունենա, բայց հիմա տեսնում եմ, որ կապ չունի»,- փոխանցել է նա Արսեն Բաբայանին։
Բաբայանի խոսքով՝ իրենք փորձել են Սրբազանին համոզել, որ իրավաբանությունը իրականում տրամաբանության հետ կապված է, պարզապես ոչ միշտ են նիստերն այս կերպ ընթանում։
«Մենք նրան համոզեցինք, որ իրավաբանությունն իրականում կապ ունի տրամաբանության հետ, պարզապես ոչ միշտ է, որ դատական նիստերն այսպես են ընթանում»,- հավելել է փաստաբանը։
Նաև հայտնի դարձավ, որ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին 11։30։
Ռուբեն Մելիքյանը Արշակ Սրբազանի և մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ քաղաքական հետապնդումները որակել է կարճ. «Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ՝ Հայաստանի ապահայկական իշխանությունների կողմից ծավալվող հալածանքներ»։
Մելիքյանը հավելել է, որ այսօր դատարան մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կոնկրետ Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու հարցով, բնույթով ավելի խիստ էր, քան նախորդ՝ սկզբնական միջնորդությունը։