Երեւանում Էստոնիայի դեսպանության հիմնումը կարեւոր դեր կունենա գործակցության ընդլայնման գործում

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները՝ դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

ԱԺ–ից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որին մասնակցել են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է երկու երկրների՝ քաղաքական երկխոսության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Երեւանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր դերակատարում կունենա համապարփակ գործակցության հետագա ընդլայնման գործում:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն առանձնակի կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը եւ Էստոնիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Ըստ Հակոբ Արշակյանի՝ այն զգալի ներուժ ունի, եւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերն իրենց աշխատանքով կշարունակեն հետեւողականորեն ամրապնդել երկկողմ կապերը՝ հիմնված բարեկամության ու փոխադարձ հարգանքի երկարամյա ավանդույթների վրա:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Էստոնիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Էստոնիայի Հանրապետության Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Անդո Կիվիբերգը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հայաստանին աջակցելու Էստոնիայի հանձնառությունը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

—00—ՄԱ

Leave a comment