Եթե օրվա իշխանությունները վերարտադրվեն, Արցախի հարցը փակվելու է. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը տեսաուղերձում է հրապարակել, որում ասվում է․ «Քաղաքական դաշտը պատրաստվում է հունիսի 7-ի ընտրություններին. սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար։ Եթե օրվա իշխանությունները վերարտադրվեն, բնականաբար, ամբողջությամբ փակվելու է Արցախի հարցը, ինչն անընդունելի է։ Եթե նրանք մի փոքր խելք ունենային, որպես ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի հակակշիռ կխոսեին արցախցիների վերադարձի մասին։

Մայիսի 22-ին տեղի է ունենալու Արցախի ներկայացուցչության դատ, որի միջոցով փորձելու են խլել ներկայացուցչության շենքը։Ես կարծում եմ՝ պետք է մեր պայքարը մղենք։ Այն անձինք, որոնք ստացել են Հայաստանի քաղաքացիություն (թեկուզ մենք միշտ էլ եղել ենք ՀՀ քաղաքացի) անպայման պետք է մասնակցեն ընտրություններին։ Չեմ կարծում, որ գիտակից մարդիկ կարող են գնալ և քվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրան հարող ուժերի օգտին։ Թեկուզ վերջին օրերին քիչ չեն այն դեպքերը, որ արցախցիներն աջակցում են Նիկոլ Փաշինյանին։

Դա ցավալի երևույթ է։ Նաև նրանց հետ հանդիպում են գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ից հետո բոլոր հարցերի պատասխանները պիտի տրվեն։ Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք հիմնավորում են՝ բիզնեսներ ունեն, բարձր աշխատավարձով տեղավորվել են ինչ-որ տեղ, իրենց ընտանիքի հոգսերն են հոգում և այդ հիմնավորմամբ այսօր սատարում են Նիկոլ Փաշինյանին։ Հունիսի 7-ից հետո այն մարդիկ, որոնք ժամանակին Արցախում թաթախված են եղել թալանի մեջ և այսօր էլ մատը մատին չեն տվել թեթևացնելու մեր հայրենակիցների հոգսերը, վստահեցնում եմ ձեզ հերթով, կարգով, շարքով պատասխանատվության են ենթարկվելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment