Կովկասի մահմեդականների վարչությունը՝ «ապօրինի կառույցների քանդման մասին»

Երեւան: Մեդիամաքս: Կովկասի մահմեդականների վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Խանքենդիում ապօրինի կառույցների քանդման մասին»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում Խանքենդիում ապօրինի կերպով կառուցված երկու կառույցների քանդումը ոչ մի դեպքում չի կարող ներկայացվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպես, 2023 թվականին իր տարածքների նկատմամբ ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո Ադրբեջանը պահպանում էր այդ ապօրինի կառույցները՝ օկուպացիայի խորհրդանիշները, իրենց այն ժամանակվա վիճակում։ Սակայն վերջին ամիսներին նախկինում հարկադիր տեղահանվածները, ովքեր զանգվածաբար վերադառնում են իրենց հայրենի հողեր, բազմիցս դիմել էին պետական մարմիններին եւ տեղական դատարաններին՝ պահանջելով քանդել բոլոր այն կառույցները, որոնք գոյություն չէին ունեցել այդ տարածքներում մինչեւ օկուպացիան»։
Հայտարարության մեջ Հայ Առաքելական Եկեղեցին անվանվում է «Էջմիածնի եկեղեցի»:
«Էջմիածինը տասնամյակներ շարունակ լռություն էր պահպանել օկուպացիայի շրջանում Ադրբեջանի պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների ավերման ու պղծման վերաբերյալ, իսկ այժմ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման այս զգայուն ժամանակահատվածում, հանդես է գալիս Ադրբեջանի հասցեին ուղղված անհիմն մեղադրանքներով, ինչը տվյալ հարցի քաղաքականացման անհաջող փորձ է», – ասված է Կովկասի մահմեդականների վարչության հայտարարության մեջ:

Leave a comment