Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև

Քաղաքականություն

27.04.2026 | 17:17

Ադրբեջանը Չեխիայից գնում է շատ ռազմական նշանակության արտադրանք, այս փուլում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ասել է Գաբալայում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ մամուլի համար հայտարարությունում։

«Քանի որ Ադրբեջանն իր պաշտպանական ներուժն ապահովում է, այդ թվում՝ տեղական արտադրության միջոցով, մեր ապագա համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Չեխիան, որոնք այս ոլորտում մեծ փորձ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե Ադրբեջանն իր էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկաներ արտահանող հուսալի երկրների շարքում է։

Ալիևն ասել է, որ ադրբեջանական գազն այժմ արտահանվում է 16 երկիր, որոնցից 10-ը Եվրամիության անդամ են։ Ադրբեջանը բնական գազ է արտահանում նաև Չեխիայի հարևան երկրներ։ Ըստ նրա՝ երկու երկրների համագործակցության զգալի մասը կապված է էներգետիկ ոլորտի հետ։ Այստեղ Ադրբեջանը և Չեխիան տարիներ շարունակ շատ հուսալի գործընկերներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment