Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանն իր տնտեսական զարգացման տեմպերով Եվրոպայի երկրների շարքում զիջում է Իռլանդիային։

«Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, Հայաստանը 2025 թ․-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով»,- գրել է Պապոյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախարարի հայտարարությունը՝ պարզելու հնչեցված ցուցանիշների համատեքստն ու վերջին տարիների միտումները։

Հայաստանի տեղն ու վերջին տարիների տենդենցները

Ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակում է անդամ երկրների իրական ՀՆԱ-ի (Real GDP) տարեկան աճի տոկոսային ցուցանիշները։ Տվյալները ներկայացվում են նաև քարտեզի տեսքով՝ հետևյալ խմբավորումներով՝

  • 6% և ավելի
  • 3-6%
  • 0-3%
  • -3-0%
  • -3%-ից ցածր։ 

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ IMF-ի տվյալների, Հայաստանն, իսկապես, 2025 թվականին զբաղեցրել  է 16-րդ տեղը՝ իրական ՀՆԱ-ի աճի տարեկան տոկոսային ցուցանիշով։

Այստեղ, սակայն, հարց է առաջանում․ սա առաջընթա՞ց է, թե՞ հետընթաց, ի՞նչ ցուցանիշներ է ունեցել Հայաստանը նախորդ տարիներին։

*Վիզուալը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ:

2019-2025 թվականների համեմատություն

FIP.am-ը վերլուծել և համադրել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած ցուցանիշներն ու զբաղեցրած հորիզոնականները՝ ԱՄՀ տվյալների հիման վրա։

Եվ այսպես՝ 2019-2024 թվականներին Հայաստանն արձանագրել է տնտեսական աճի հետևյալ արդյունքները․

2024 թ․-ին՝ 5.9% աճ՝ 27-րդ,
2023 թ․-ին՝ 8.3%, 10-րդ,
2022 թ․-ին՝ 12.6%, 7-րդ հորիզոնական։

2021 թ․-ին Հայաստանը 5.8% ցուցանիշով դուրս է մնացել լավագույն արդյունք ունեցող 50 երկրների ցանկից։

2020 թ․-ին Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ, գրանցել է բացասական տնտեսական աճ՝ -7.2%։

2019 թ․-ին՝ 7.6% ցուցանիշով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Այսպիսով, վերջին վեց տարիների տվյալները ցույց են տալիս, որ առնվազն երեք տարի՝ 2019, 2022 և 2023 թվականներին, Հայաստանը գտնվել է ավելի բարձր դիրքերում՝ զբաղեցնելով 7-10-րդ հորիզոնականները՝ 7.6%-12.6% տնտեսական աճի ցուցանիշով։

Հետևաբար, այս համատեքստում 2025 թվականին զբաղեցրած 16-րդ հորիզոնականը և 7.2% տնտեսական աճը երկրի վերջին տարիների լավագույն ցուցանիշը չԷ։

Եվրոպայում զիջում ենք Իռլանդիային, իսկ տարածաշրջանո՞ւմ

Էկոնոմիկայի նախարարը, համադրելով Հայաստանի ցուցանիշը եվրոպական երկրների հետ, նշել էր՝ Եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային։ Գևորգ Պապոյանը, սակայն, չի անդրադարձել, թե Հայաստանը ինչ դիրք է զբաղեցնում տարածաշրջանի հարևան երկրների համեմատականում։

Ինչպես վերը ներկայացված տվյալներն են ցույց տալիս, 2025 թ․ տվյալներով Հայաստանը զիջում է Վրաստանին, որտեղ տնտեսական աճը կազմել է 7.5%, ինչի արդյունքում հարևան երկիրը զբաղեցրել է 13-15-րդ հորիզոնականը (նույն ցուցանիշը գրանցել են նաև Բենինը և Զիմբաբվեն)։

Ի դեպ, Հայաստանը Վրաստանին զիջել է նաև 2024 թ․-ին․ այդ տարի հարևան երկիրը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 9.7% տնտեսական աճով։

Ադրբեջանի տնտեսական ցուցանիշը 2025 թ․-ին կազմել է 1.4, իսկ 2024 թ․-ին՝ 4.2%։

Այսպիսով, եվրոպական Իռլանդիային զիջելուց զատ, Հայաստանը վերջին երկու տարիներին զիջում է նաև հարևան Վրաստանին։ Հետևաբար, նախարարի պնդումները, թեև թվային առումով ճիշտ են, սակայն չեն ներկայացնում ամբողջական պատկերն ու վերջին տարիների միտումները։

Գայանե Մարկոսյան

The post Զարգացման տեմպերով Հայաստանն ավելի լավ դիրքեր է ունեցել․ Պապոյանի պնդումը չի արտացոլում ամբողջական պատկերը appeared first on FIP.AM.

Leave a comment