Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր

Քաղաքականություն

27.04.2026 | 13:20

Փհենյանում բացվել է հուշահամալիր և թանգարան՝ նվիրված Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից մարտերին մասնակցած և զոհված հյուսիսկորեացի զինվորների հիշատակին։ Բացման արարողությանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է Euronews-ը։

Հուշահամալիրի բացումը համընկել է Կուրսկի մարզի նկատմամբ լիակատար վերահսկողության վերականգնման տարեդարձի հետ՝ ըստ ռուսական կողմի։

Հարավկորեական հետախուզության և արևմտյան աղբյուրների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 2024 թվականից ի վեր Ռուսաստան է ուղարկել շուրջ 15,000 զինծառայողի, ինչպես նաև զենք և զինամթերք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար։ Մոսկվայի և Փհենյանի պաշտոնական տարբերակի համաձայն՝ հյուսիսկորեական զորքերը գործել են միայն Ռուսաստանի Կուրսկի շրջանում և չեն մասնակցել Ուկրաինայի օկուպացված տարածքներում մարտական ​​գործողություններին։

Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների տվյալներով՝ մարտերում զոհվել է 101 հյուսիսկորեացի զինվոր։ Հարավային Կորեան, հղում անելով հետախուզական տվյալներին, գնահատում է, որ զոհված և վիրավորված հյուսիսկորեացի զինվորների թիվը մոտավորապես 6000 է, որոնցից զոհերի թիվը՝ ավելի քան 2000։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment