Ներկայիս իշխանությունը բացահայտ թշնամական վերաբերմունք ունի այն ամենի նկատմամբ, ինչ մեր ազգը ստեղծել է դարերի ընթացքում: Դրա մեջ ես տեսնում եմ արմատներ չունեցող, մտավոր եւ բարոյական առումով ինչ-որ տեղ ճնշված մարդկանց «ռեսենտիմենթ»՝ յուրահատուկ վրեժ իրենց հոգեւոր խեղճության համար: Ճակատագրի բերումով իշխանության գլխին հայտնված մարդիկ ցանկանում են քանդել ամեն ազգայինը, ցանկացած նվաճում, որն իրենց անվան հետ կապված չէ:
Իրենց այս մոլուցքով նրանք գնացել են դարերի խորքերը: Իշխանությանը սպասարկող պատմաբանները պնդում են, որ Գրիգոր Լուսավորիչ չի եղել, սա զուտ միֆական կերպար է, որ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը սխալ էին, անկախական չէին, հունասեր էին:
Այս մառազմներից հետո ցանկացած անգրագետ բլթոց, ցանկացած լկտի խուլիգանություն հասկանալի է դառնում: ՔՊ-ականները եւ նրանց ծառայող պետական պաշտոնյաները (օրինակ, ԱԱԾ պետը) համարձակվում են Վեհափառ հայրապետին «Կտրիճ Ներսիսյան» անվանել: Իբր՝ արհամարհում են: Բայց իրականում դա վերաբերմունք է մեր ամենահիմնական ազգային կառույցի, նրա նվիրապետական կառուցվածքի նկատմամբ: Փաշինյանին թվում է, որ եթե նրա ձեռքը դատարան-ԴԱՀԿ է ընկել, նա կարող է որոշել, թե ով ինչով պետք է զբաղվի մեր եկեղեցու կառույցներում:
Նույնը՝ 1992-94 թթ. պատերազմում մեր հաղթանակը եւ Արցախի ազատագրումը: Ըստ այս իշխանության՝ դա ռուսների եւ Տեր-Պետրոսյանի «արկածախնդրությունն» էր, որի նպատակն էր խոչընդոտել մեր ինքնիշխանությանը:
Այս 34 տարիների ընթացքում խաղաղ ժամանակներում մենք նույնպես ունեցել ենք հաղթանակներ, առաջին հերթին՝ սպորտում: Այդ հաղթանակները կարեւորագույն ազգային նշանակություն ունեն՝ դրանցով է նաեւ Հայաստանը հարգված ու ճանաչելի դառնում աշխարհում: Կարելի է տարբեր ձեւով վերաբերվել Գագիկ Ծառուկյանին, չընդունել նրա քաղաքական գործունեությունը, բայց ցանկացած չնախապաշարված մարդ թող անկեղծորեն պատասխանի՝ կլինեի՞ն այդ հաղթանակները, եթե նա մի քանի տասնամյակ իր բոլոր հնարավորություններով չնվիրվեր հայկական սպորտին:
Հիմա նույն ձեռնասուն «դատարան-ԴԱՀԿ»-ների միջոցով փորձում են քանդել Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Անմիջական պատճառը՝ քաղաքական, նախընտրական ինչ-որ հաշվարկներ են, գուցե ոմանց անձնական ամբիցիաները: Բայց խորքում ատելությունն է ազգայինի նկատմամբ:
…Ահա այդպես էլ ստացվում է, որ մեր ամենակարեւոր ազգային արժեքը, մեր ամենակարեւոր ավանդույթը… խորովածն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: