Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղանյանը (94 կգ) դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Երկամարտում 25-ամյա ծանրորդը գրանցեց 381 կգ (175+206) արդյունք։ Նա արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։

Երկամարտում Աղանյանը 5 կգ զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած բուլղարացի Կառլոս Նասարին։

Արա Աղանյանը Եվրոպայի փոխչեմպիոն էր նաև դարձել 2022 ու 2023 թվականներին։

Ապրիլի 24-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև 86 կգ քաշային Լիանա Գյուրջյանը և Էմմա Պողոսյանը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 5-ի։ Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) և Գոռ Սահակյանը (71 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (71 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։

Leave a comment