Արցախում մշակութային ժառանգության վտանգման ահազանգ
Westernarmeniatv. Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով աշխարհում անցկացվող միջոցառումների ֆոնին, Արցախում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը՝ ընդգծելով, որ սա կարելի է համարել 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը երկար տարիներ վարում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման նպատակային քաղաքականություն, որը հատկապես սրվել է բռնազավթված տարածքներում։ Այս գործընթացը, ըստ Ավանեսովի, իրականացվում է պետական մակարդակով՝ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ։
Արձանագրված դեպքերը ներառում են հայկական եկեղեցիների եւ խաչքարերի վնասում, արձանագրությունների վերացում, ինչպես նաեւ հուշարձանների օգտագործում շինարարական կամ ռազմական նպատակներով։ Մասնավորապես, նշվում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է հրետակոծության, իսկ այլ սրբավայրեր նույնպես թիրախավորվել են տարբեր ժամանակահատվածներում։
Փաստերի այս ամբողջությունը, ըստ փորձագետների, վկայում է համակարգված քաղաքականության մասին, որի նպատակն է ոչ միայն ֆիզիկական, այլեւ մշակութային ժառանգության վերացումը տարածաշրջանում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: