Թրամփը չի հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել օդային տարածք․ սոցցանցերում տարածվում է կեղծ սքրինշոթ

Սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման էկրանապատկերն  (screenshot) է տարածվում, որում Թրամփը իբրև թե «համաձայնության է եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանի օդային տարածքը ԱՄՆ-ին տրամադրելու համար, եթե Իրանը հրաժարվի պահպանել խաղաղության պայմանավորվածությունը»։

Այս սքրինշոթը տարածում են անհայտ աղբյուրներ՝ բարձրացնելով հարցեր՝ ինչո՞ւ է այս գրառումը ջնջվել, ինչո՞ւ է Փաշինյանը մտնում պատերազմի մեջ։

Սովորական որոնումը ցույց է տալիս, որ Truth սոցիալական ցանցում Թրամփի վերջին օրերի գրառումների շարքում նման բովանդակություն չկա։ Այս գրառումը չկա նաև հանրային արխիվ համարվող Rollcall-ի Factba.se արխիվում, որտեղ պահպանվում են քաղաքական հայտնի գործիչների սոցցանցային գրառումները, ելույթներն ու հայտարարությունները։ Եթե պատկերացնենք, որ Թրամփի գրառումը թեկուզ մի քանի րոպե եղած լիներ սոցիալական ցանցի հարթակում, ապա այն կհայտնվեր այս հանրային արխիվում։

Բացի այդ, եթե գրառումը լիներ իրական, ապա այն մեծ հավանականությամբ պահպանված կլիներ այլ արխիվներում, մինչդեռ դրանցում որոնումը ցույց է տալիս, որ նման գրառում կամ տեքստ Թրամփի անունից չկա։ 

Այն, որ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց չի եղել, հայտարարել էր նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ X-ում տարածվող տեղեկությունը կեղծ է։ 

Ովքե՞ր և ինչպե՞ս են տարածում Թրամփի անունից հորինված տեքստը 

Դոնալդ Թրամփի սոցցանցի էջի հորինված տեքստով էկրանապատկերը տարածվում է հիմնականում X սոցիալական ցանցում։ Առաջնային տարածողների օգտահաշիվներում «Russia» բառը կա։ 


Արտապատկերումները՝ X սոցիալական հարթակից

Տեղեկությունը X-ում աաջինը տարածվել է «RussiaNews» օգտահաշվից։ Այս հաշվի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն տարածում է հիմնականում արագ կամ «breaking» ֆորմատի հրապարակումներ ռազմական գործողությունների, միջազգային քաղաքականության, հակամարտությունների մասին։ Հաշիվը անանուն է, կապված չէ որևէ լրատվամիջոցի հետ, իսկ հրապարակումները հաճախ հուզական բովանդակություն ունեն։

Արտապատկերումը՝ X-ից

Ապատեղեկատվական այս արշավը (FIMI) նման է Storm-1516-ի շրջանակներում իրականացվող արշավներին (1, 2, 3), երբ օգտագործում են սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ, AI-ով ստեղծված deepfake տեսանյութեր և այլն։ Այս դեպքում փաստացի, մշակվել է Թրամփի կեղծ գրառում ու անհայտ էջերով տարածվել։

Այսպիսով, Թրամփին վերագրվող գրառումը չի հաստատվում ոչ պաշտոնական աղբյուրներով, ոչ էլ հանրային արխիվներում։ Տարածվող սքրինշոթը կեղծ է, իսկ դրա բովանդակությունը մանիպուլյատիվ՝ հիմնված սենսացիոն ձևակերպումների և անանուն աղբյուրների վրա։ Դրա տարածումը հիմնականում իրականացվում է սոցիալական մեդիայի ոչ թափանցիկ հաշիվների միջոցով, որոնք հաճախ գործում են նույնատիպ նարատիվներ առաջ մղող տեղեկատվական ցանցերում։

Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են միջազգային քաղաքականության զգայուն թեմաները՝ մասնավորապես անվտանգությունն ու տարածաշրջանային լարվածությունը, օգտագործվել ապատեղեկատվություն տարածելու և հանրային ընկալումների վրա ազդելու համար։

Հասմիկ Համբարձումյան

The post Թրամփը չի հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել օդային տարածք․ սոցցանցերում տարածվում է կեղծ սքրինշոթ appeared first on FIP.AM.

Leave a comment