Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար․ Պուտինի ուղերձը

Քաղաքականություն

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար․ Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ.

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի առջև։ Դաժան հաշվեհարդար է իրականացվել անպաշտպան, ոչ մի բանում մեղավոր մարդկանց նկատմամբ․ նրանք սպանվել են, վիրավորվել, վտարվել իրենց քաղաքներից ու բնակավայրերից։ Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի կարող են հանգեցնել կրոնական թշնամանքի, ազգայնականության և քսենոֆոբիայի բորբոքումը։

Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որտեղ դատապարտվում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն նոր պատմական փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Վստահ ենք, որ մարդկանց ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող որևէ արդարացում ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են հավատարմություն ավանդույթներին, իմաստություն և քաջություն։ Համոզված եմ, որ հետագայում ևս Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունը, բազմադարյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։

Ցանկանում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք բարեկամ հայ ժողովրդին»,-ասված է ուղերձում։

Leave a comment