Ռուսաստանը ձգտում է հասնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացմանը՝ Ուկրաինայի հետ պատերազմում էներգետիկ և ծովային ոլորտներում զինադադարի շուրջ համաձայնության գալու դիմաց։ Այս մասին հայտնել է «Kyiv Independent»-ը՝ վկայակոչելով բանակցություններին տեղյակ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս փորձում է առավելագույն վնաս հասցնել Կիեւին հնարավոր բանակցություններից առաջ լծակներ ձեռք բերելու նպատակով։
Ինչպես նշում է պարբերականը, Մոսկվան հրապարակայնորեն մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները փոխադարձաբար դադարեցնելու հարցում։ Սակայն երկու ուկրաինացի և մեկ ամերիկացի պաշտոնյա «Kyiv Independent»-ին հայտնել են, որ ոչ հրապարակային մակարդակով ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ գաղափարը։ Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանը նման համաձայնագրերի հնարավորությունը կապում է այլ պահանջների հետ, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման։
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում թե՛ Կիեւի, թե՛ Մոսկվայի վրա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու նպատակով, քանի որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ցուցադրել գոնե որոշակի առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։
Խնդրին տեղյակ եվրոպացի դիվանագետը «Kyiv Independent»-ին հայտնել է, որ Ռուսաստանը կարող է պահանջել սառեցված ռուսական ակտիվների վերադարձ՝ որպես էներգետիկ զինադադարի համաձայնագրի մաս։ Սակայն դիվանագետը դա վատ գաղափար է համարում։
«Եթե նրանց հաջողվի ապասառեցնել պատժամիջոցների տակ դրված միջոցները… գործնականում անկասկած է, որ դրանք կօգտագործվեն պատերազմը սրելու համար: Իրականում ոչ ոք չի հավատում, որ նրանք իսկապես մտադիր են պահպանել հրադադարը», – ասել է դիվանագետը։
Բանակցություններին ծանոթ ուկրաինացի պաշտոնյաները հաստատել են, որ Ռուսաստանը պահանջում է պատժամիջոցների մեղմացում, չնայած նրանք հստակ չգիտեն, թե Մոսկվան կոնկրետ որ սահմանափակումներն է ցանկանում վերացնել: Այս հարցը պետք է լինի Կիեւի և Վաշինգտոնի միջև բանակցությունների թեման այսօր ավելի ուշ։
Կիեւի դիրքորոշումն այն է, որ ցանկացած էներգետիկ հրադադար պետք է լինի փոխադարձ: