Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

24.04.2026 | 11:55

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Օդեսայի կենտրոնում բնակելի շենքերի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։

Մահացածներն ամուսիններ են, երկուսն էլ 75 տարեկան։ Նրանք ապրում էին անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած երկհարկանի շենքում։ Հարվածը ոչնչացրել է եռահարկ բնակելի շենքը՝ վիրավորելով վեց մարդու։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ շենքի վերին երկու հարկերում գտնվող բնակարաններն ավերվել են։ 72-ամյա մի կին և 52-ամյա տղամարդ վիրավորվել են բեկորներից։ Մյուս շենքերի պատուհանները կոտրվել են, մեքենաները՝ վնասվել։

7 մարդ էլ վիրավորվել է այլ երկհարկանի բնակելի շենքերում, 20 բնակիչ տարհանվել է, այդ թվում՝ երկու երեխա։

Օլեգ Կիպերը նաև հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո Օդեսայի նավահանգիստ ուղևորվող առևտրային նավին։

«Նավի վրա հրդեհ է բռնկվել, որն անձնակազմն արագորեն մարել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- գրել է նա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ գիշերը ռուսական ուժերը հարձակվել են երկրի վրա երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 107 անօդաչու թռչող սարքերով, խոցվել է 96 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment