Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները․ Ալեն Սիմոնյան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ։


 


Ուղերձում ասվում է․


 


«Սիրելի՛ հայրենակիցներ,


 


Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։ 


 


Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։


 


Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։


 


Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։


 


Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»։

Դիտումների քանակ2

Leave a comment