Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։
«Դրվագներ իմ հուշերից
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ
ՄԱՍ IV ՎԻԼԼԱ, ԿՐԱԿ ՈՒ ԲՈՑ ՈՒ ԹԻԹԵՌՆԵՐ
Տեղավորվեցինք մեր ազատագրած գյուղերից մեկի տներում։
Մեր դասակը ընտրեց գյուղի եզրի մեկ-երկու տուն, իսկ ես ու իմ ընկեր մարտիկներից մեկը՝ որոշեցինք տեղավորվել գյուղի ամենամեծ, շքեղ երկհարկանի առանձնատան երկրորդ հարկի սենյակներում։
Ամեն մեկս առանձին՝ մեկտեղանոց համարներում ։
Մեզ դիմավորող մեր գումարտակի ընկերները արցախցի տղերքի հետ միասին, գնահատելով մեր հաղթական ընթացքը, հորդորեցին հանգիստ քնել, հանգստանալ իսկ իրենք այդ ընթացքում մեզ համար հնդկահավի միս կխորովեն։ Գյուղում հնդկահավ շատ կար:
Համաձայնեցինք. այդպիսի հոգատարությունը միշտ փոխադարձ էր լինում։
Եվ երբ խորովածի ծուխը բարձրանում է վերև, թշնամու հրետանու հետախույզը նկատում է այն ու կրակն ուղղում դեպի մեր բակ, ավելի ճիշտ՝ մեր «սինգլ համարների» ուղղությամբ։
Այլանդակ ու միևնույն ժամանակ գրավիչ ձայներով պայթյուններ, մետաղի, մրի, ծեփամածիկի, փայտի ու փայտածուխի, արյան ու վախի, հողի ու տրորված կանաչ խոտի, խորոված հնդկահավի՝ իրար խառնված հոտեր. Ալեսանդրո Գուալտիերին կնախանձեր։
Մենք բոցերի միջից դուրս պրծանք վաշտի հրամանատարի և դասակի մարտիկների ջանքերով ու հայտնվեցինք բլուրի հակառակ կողմում։
Թե այդ ընթացքում որքան է հրամանատարը նախատել՝ երևանցի ապերոներին հատուկ ձևով երկրորդ հարկի լյուքս համարները ընտրելու համար՝ թող մնա պատմությանն անհայտ։
Վիլլայի հատվածում մեծ շառավղով ինտենսիվ հրետակոծություն է։
Անվերջ դղրդյունին զուգահեռ բլրի հակառակ կողմում խաղաղություն է։
Ծաղիկներ, մորեխների ձայն, գույնզգույն թիթեռներ։
Մինչև հիմա չգիտեմ, ու ոչ ոք չասաց՝ տեսածս իրականություն էր, թե ամեն դեպքում ուժեղ պայթյունի հետևանք։
Ձեռքներս գլխներիս տակ՝ պառկած ենք կանաչ խոտերին։
Լուռ նայում ենք իրար, առանց խոսք փոխանակելու։
Բոլորիս հայացքներում և մտքերում միայն մի իղձ է՝ խորովածը։
Խորովածը, որ դեռ կրակի վրա է, հրետակոծությունն ինտենսիվ է, իսկ երկար, անծայրածիր մանղալը հենց իրադարձությունների կիզակետում է։
Հրամանատարը հերթով նայեց բոլորիս երազկոտ աչքերին ու կատապուլտի արագությամբ ցատկեց դեպի մանղալը։
Արկերի տարափի տակ, մարմնի տարբեր մասերը այրելով, ձեռքերով գրկում տեղավորած խորովածը հասցրեց մեզ։
Երևի ամենահամեղը մինչև օրս…
Իրադարձություններով հագեցած մի քանի օր ևս անցավ գյուղում։
Մենք այնտեղ էինք երրորդ մարտական առաջադրանքը կատարելու. այն է՝ հերթապահել որպես պահեստազոր (резерв), հարկ եղած դեպքում օպերատիվ հասնել օգնության։
Մարտական այս առաջադրանքը ևս կատարվեց։
Ահա եկավ Չլդրան վերադառնալու պահը։
Մեզ փոխարինեց ինքնապաշտպանական ուժերի զորամիավորումներից մեկը։
Այս անգամ հարմարավետ «Կամազ» – ավտոբուսով մեկնում ենք դեպի չնաշխարհիկ Չլդրան։
Բոլորը երջանիկ են, ուրախ։
Չլդրան հասնելու, զորանոցի փափուկ անկողինների վրա քնելու, տաք, համեղ ուտեստներ ուտելու, գոլորշիապատ, խնձորի օճառով բաղնիք անելու բերկրանքով հումորներ են անում։
Խինդ ու ծիծաղ է։
Երգում են մարտական երգեր․
«Խնուսից գալով հայ զինվորները քաջ,
Արյան դաշտից եկած և պարտաճանաչ,
Հին-հին վրեժներ առնել էր նոցա պահանջ․
Քաջի պես վազեցին թշնամու առաջ»։
Տխուր եմ միայն ես։
Հոգնած, կիսասառած, կիսաքնած հասնելու եմ Չլդրան։
Ընկերներս վայելելու են վաստակած հանգիստը, իսկ ես պետք է գնամ շարունակեմ չլվացած լվացքս, որն այդպես էլ մնացել է բաղնիքում արդեն 7–8 օր ու վստահաբար՝ շատ անմխիթար վիճակում։
© Սարգիս Աղաջանյան
Շարունակելի»:
Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ ԱՅՍՏԵՂ: