Ապացուցեք, որ որոշումները կայացվում են դատարանում, ոչ թե կառավարության շենքում. Արթուր Սարգսյան

Մինչ դատարանն այսօր կհրապարակեր Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը, նրա խափանման միջոցը վերացնելու միջնորդություններով ու հայտարարություններով հանդես եկան գործով փաստաբանները եւ մեղադրյալները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը խնդրեց Բագրատ սրբազանին ազատ արձակելու որոշմամբ դատարանին ապացուցել, որ որոշումները դատարանում են կայացվում, ոչ թե կառավարության շենքում:

«Համախմբելով ժողովրդին ու ընդդիմությանը՝ Բագրատ սրբազանը ոչ թե ահաբեկչություն պետք է աներ, այլ այս չարիքի իշխանությանը պետք է հեռացներ: Դրա համար այս շինծու գործը կարեցին ու Բագրատ սրբազանը գտնվում է կալանքի մեջ: Համոզված եմ՝ դուք ուզում եք, որ մեկ րոպե շուտ Բագրատ սրբազանն էլ, բոլորս էլ լինենք ազատության մեջ: Բայց վստահաբար ասում եմ՝ այս դահլիճում որոշումները կայացվում են ոչ թե օրենքով, այլ կայացվում են կառավարության շենքում: Հիմա, եթե որոշումները չեն կայացվում կառավարության շենքում, դուք հնարավորություն ունեք Բագրատ սրբազանին ազատ արձակելով՝ ասեք Արթուր Սարգսյանի համոզմունքը սխալ էր, որովհետեւ ես համոզված եմ, որ մինչեւ հունիսի 7-ը մնալու է կալանքի մեջ»,- ասաց պատգամավորը:

«Ողջ հանրությունը տեղյակ է՝ քաղաքական գործ է, նպատակ է ունեցել մի քանի խնդիր լուծել: Ես իրատեսական չեմ համարում, որ նախքան ընտրությունները բան կփոխվի խափանման միջոցի հետ կապված, բայց ինչեւէ՝ կարող է հրաշք լինի: Բագրատ սրբազանը հեղինակություն է վայելում, որովհետեւ առաջին իսկ օրվանից կանգնած է եղել հայրենիքի ու ժողովրդի կողքին, իր եկեղեցու կողքին: Այն հանգամանքը, որ հեղինակություն է վայելում, դարձել է մտահոգիչ, բայց մեզ համար մտահոգիչ չէ, հպարտանալու հանգամանք է: Այս օրերին Բագրատ սրբազանը վտանգ է ներկայացնում իր խոսքով, իր կարծիքով ու իր հայրենասիրությամբ»,- հավելեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ընդգծելով, որ դատարանը կարող է այսօր Բագրատ սրբազանի կալանքը չերկարաձգելու որոշմամբ փոխել դատարանի ու արդարադատության մասին հանրության վատ ընկալումները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment