«Ստուրկի» ՍՊԸ-ն մտադիր է շահագործել ՀՀ Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի հանքավայրի Շենաղբյուր տեղամասը, սակայն Օթևան բնակավայրի բնակիչների մի մասը դեմ է նոր հանքի շահագործմանը։
2025 թվականի դեկտեմբերի 24-ին Օթևան բնակավայրում «Ստուրկի» ՍՊԸ-ն անցկացրեց առաջին հանրային քննարկումը։ Լսումներն անցան լարված մթնոլորտում։ Մի խումբ բնակիչներ դեմ արտահայտվեցին նոր հանքի շահագործմանը՝ նշելով, որ արդեն իսկ ունեն տուֆի հանքեր։
Մեծաձոր համայնքի ավագանին պետք է որոշի՝ տալ համաձայնություն, թե՝ ոչ։
Օթևան բնակավայրի բնակիչները դիմել են Էկոլուրին՝ նշելով․ «Տարբեր մարզերից մարդիկ են բերում, որ մասնակցեն լսումներին։ Իսկ մենք դեմ ենք, որովհետև մեր գյուղում արդեն գործում է 3 հանք: Մենք չունենք արոտավայրեր, վարձակալության են տրված։ Նախատեսված նոր հանքի շուրջը սեփական հողեր են, որոնք փոշով կաղտոտվեն, իսկ մենք զբաղվում ենք անասնապահությամբ։ Ո՞ւր ենք տանելու մեր անասուններին։ Մենք նաև կզրկվենք ոռոգման ջրից, որը մեզ համար շատ կարևոր է»։
Էկոլուրը միանում է Օթևան բնակավայրի բնակիչների ահազանգին և ուղղում է այն ՀՀ Արագածոտնի մարզպետարան և Մեծաձոր համայնք՝ հաշվի առնելու տեղի բնակիչների մտահոգությունները։
Հունվար 09, 2026 at 17:07