Արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև

Քաղաքականություն

23.04.2026 | 11:26

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, անսպասելի այցով ժամանել է Կիև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանացի լրագրող Քրիս Շիփը տեսանյութ է հրապարակել Հարրիի՝ Կիևի կայարան ժամանման մասին։

«Հաճելի է վերադառնալ Ուկրաինա»,- գնացքից դուրս գալիս ասել է Հարրին։

Շիփի խոսքով՝ Հարրին նաև նշել է, որ ցանկանում է «հիշեցնել տանը և ամբողջ աշխարհում ապրող մարդկանց, թե ինչի է բախվում Ուկրաինան, և աջակցել նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ անհավանական աշխատանք են կատարում ծայրահեղ դժվարին պայմաններում»։

Այցելության տևողության կամ նախատեսվող հանդիպումների մասին չի հաղորդվում։

Պատերազմի սկսվելուց ի վեր Հարրին երկու անգամ այցելել է Ուկրաինա՝ 2025 թվականի ապրիլին և սեպտեմբերին․ երկու այցելություններն էլ անսպասելի են եղել։ Իր այցերի ընթացքում Հարրին ներկայացնում է Invictus Games հիմնադրամը, որը վերականգնողական և վերաինտեգրման աջակցություն է ցուցաբերում ծառայության ընթացքում վիրավորված զինվորներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment