Ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում դի կա, այս պահին փրկարարները և ոստիկանները կատարում են որոնողական աշխատանքներ։ Գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է դին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։
Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։
Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցավ դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։
Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Այս պահին պարզվում է նաև մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, ում փնտրում էին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։