Ես եմ ծնել, բանակ ուղարկել,իրավունք չունեն տղայիս նկարը կաթսայատան պատին նկարել. հերոսի մոր ահազանգը

Առանց իմ թույլտվության, առանց կարծիքս հարցնելու, իմ տղայի նկարը պատկերել են Երևանի Չարենցի անվան համար 67 դպրոցի կաթսայատան ճաքճքած պատին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի անմահացած հերոս Արարատ Մանյանի մայրը` Վարդուհի Շահումյանը։

«Պատկերված է իմ տղան և երկու տղա։ Ես խոսում եմ միայն իմ տղայի մասին։ Խոսել եմ դպրոցի տնօրենի հետ ուրբաթ օրը։ Նա ինձ ասաց, որ տեղյակ է, շնորհակալություն հայտնեց զգուշացնելու համար և նշեց, որ իմ խնդրանք-պահանջն անպայման կկատարի։ Դե, շաբաթ, կիրակի ոչ աշխատանքային օր էր, բայց կկարողանային մաքրել դա։ Երկուշաբթի էլ զանգեցի, ասաց, որ ինքը իրավունք չունի դա մաքրի, պետք է քաղաքապետարանը թույլ տա։ Իբր ինքը դիմել է, գրել է, բայց դրանից հետո էլ զանգերիս չպատասխանեց»,-ասաց տիկին Վարդուհին։

Նա նշեց, որ նաև դիմել է Երևանի քաղաքապետարան։ Իրեն ասել են, որ իրենք նման գործողություններ չեն կատարում և տեղյակ չեն, թե ով է նկարել։
«Ես խնդրեցի քաղաքապետարանի աշխատակցուհուն, որ այդ հարցը բարձրացնեն, որ Մանյան Արարատի մայրը պահանջում է, որ այլևս երբեք իմ տղայի նկարն առանց իմ թույտվությամբ ոչ մի տեղ չնկարվի։ Դա իմ իրավունքն է։ Առանց իմ թույլտվության իմ տղայի նկարը որևէ տեղ ես չտեսնեմ։ Դա կլինի պատ, դա կլինի մայկայի վրայի նկար, ոչ մի տեղ, մինչև ես թույլ չտամ։ Ես պաշտոնապես արգելում եմ, դա իմ երեխան է, ես եմ իմ երեխային ծնել, բերել, պահել, մեծացրել և ուղարկել հայոց բանակ։ Այդ պատի նկարն ընդհանրապես մեզ դուր չի գալիս։ Իմ տղայի նկարը կա Աբովյան քաղաքում շատ նորմալ, շատ գեղեցիկ»,-ասաց նա։
Նրա խոսքով, պետք է կարգ ու կանոն լինի, որ մարդիկ առանց թույլտվության այդպիսի նկարներ չնկարել։
«Ով ինչ ուզում, անում է։ Ով ջրաներկի, յուղաներկի գումար ունի, վերցնում, նկարչություն է անում։ Ես արգելում եմ, ինձանից ոչ ոք թույլտվություն չի հարցրել»,-նշեց մեր զրուցակիցը։

Արարատ Մանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ծնվել է 2002 թվականին: 27 օրվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: 24 օր թեժ մարտերի է մասնակցել և զոհվել հոկտեմբերի 20-ին Մարտունի 2-ի թեժ մարտերի ժամանակ:

Հասմիկ Սարգսյան

Leave a comment