«Հանրային մեղադրողը չի հետազոտում ապացույցը, այլ բառացի կարդում է այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ»

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին։

Հանրային մեղադրողն ասաց, որ ներկայացնում է հետազոտման ենթակա ապացույցներ՝ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով։

Նրա ելույթից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ապացույցը չհետազոտվեց։ «Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ հանրային մեղադրողը չի հետազոտում ապացույցը, այլ բառացի կարդում է այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ։ Այսինքն՝ մեկնաբանում է ապացույցի բովանդակությունը։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ապացույցը չհետազոտվեց»,- ասաց Մակինյանը։ Նա նշեց, որ զննության արձանագրությունը բացարձակ այլ բովանդակություն ունի, այնուհետեւ մեջբերումներ արեց այդ արձանագրությունից։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթների քննությունը միացվել է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment