Ի բողոք Անդրիաս Ղուկասյանի դեմ կեղծ ապացույցների հիման վրա մոտ 10 տարի իրականացվող քրեական հետապնդմանը, Հայ կառուցողական կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Հայ կառուցողական կուսակցության խորհրդի հայտարարությունը

Իշխող ուժի կողմից քաղաքական հակառակորդների դեմ շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումների քաղաքականությունը անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Նման պայմաններում ընտրությունները կրում են ձևական բնույթ՝ իշխանության յուրացումը քողարկելու նպատակով։

Ի բողոք, մեր կուսակցության նախագահ՝ Անդրիաս Ղուկասյանի դեմ «Սարի թաղի գործով» կեղծ ապացույցների և սուտ ցուցմունքների հիման վրա մոտ 10 տարի իրականացվող քրեական հետապնդմանը, Հայ կառուցողական կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի գալիք ընտրություններին։

Սա մեր ուղերձն է միջազգային դիտորդներին, առ այն, որ Հայաստանի իշխող ուժը իր վերարտադրվելու մոլուցքի ազդեցության տակ նախընտրական շրջանում ստեղծել է երկրում շանտաժի և հետապնդումների այնպիսի անտանելի մթնոլորտ, որը բացառում է ազատ և արդար ընտրությունները։

Տապալված ժողովրդավարության այս պայմաններում մենք հիշեցնում ենք մեր հայրենակիցներին, այն պարզ ճշմարտությունը, որ անարդարությունը չի կարող բերել խաղաղություն։ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիան, շրջափակումը և հայերի բռնի տեղահանումը մարդկության դեմ հանցագործություն է։ Նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից։ Առանց միջազգային արդարադատության անհնար է վերականգնել արցախցիների ոտնահարված իրավունքները։ Սա պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանը։

Ճշմարտություն է նաև այն, որ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է անհրաժեշտ պայման Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու համար։ Հայ ժողովրդի համար Անկախության Հռչակագրով մեր պետության հիմքում դրված արդարության համար պայքարի գաղափարը միակ ուղեցույցն է տարածաշրջանում իրական խաղաղության և կայուն զարգացման համար։

Իշխող ուժի քարոզը, որ հարևան պետությունների հետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները, բացարձակ սուտ է։ Աշխարհքաղաքական փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը ձեռք բերի Ժողովրդավար և զարգացած երկրների հետ միասին որոշումներ ընդունելու իր ձայնի իրավունքը։ Այդ հնարավորությունը Հայաստանին շնորհված է եղել 2018 թ․-ից, բայց իրականություն չի դարձել բացարձակապես իշխող ուժի պատճառով։

Հայ կառուցողական կուսակցությունը կսատարի այն քաղաքական ուժերին, որոնք հավատարիմ են մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին, անհանդուրժողական են կոռուպցիայի նկատմամբ և կիսում են մեր դիրքորոշումը Հայաստանի համար օրհասական հարցերում։

  Հայ կառուցողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment