Աշխարհի խոշորագույն նավթային թրեյդերները զգուշացնում են․ Իրանում պատերազմի հետևանքով առաջացած պահանջարկի մասշտաբային «կործանումը» միայն կխորանա, իսկ հակամարտության տնտեսական հետևանքները դեռ ամբողջությամբ չեն դրսևորվել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Vitol Group-ի ղեկավար Ռասել Հարդիի գնահատմամբ՝ պատերազմն արդեն շուկայից դուրս է բերել շուրջ 4 մլն բարել օրական պահանջարկ։ Gunvor Group-ում սպասում են, որ հաջորդ ամիս այդ թիվը կաճի մինչև օրական 5 մլն բարել (աշխարհի ընդհանուր սպառման մոտ 5%-ը)։ Ընկերությունում զգուշացնում են, որ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա երեք ամիս, աշխարհը անխուսափելիորեն կմտնի ռեցեսիայի մեջ։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ շրջափակումն արդեն համաշխարհային շուկայից կտրել է շուրջ 13 մլն բարել օրական մատակարարումներ՝ Պարսից ծոցից հում նավթի և նավթամթերքների տեսքով։ Միաժամանակ էթալոնային ֆյուչերսների գներն առայժմ պահում են զսպված դիրք․ մարտին մեկ բարելի գինը հասել էր մինչև 120 դոլար, իսկ այժմ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունների հույսերի ֆոնին, նվազել է մինչև 95 դոլար։
Սակայն Trafigura-ի գլխավոր տնտեսագետ Սաադ Ռահիմը նշում է, որ շուկան թերագնահատում է հումքի պակասը, քանի որ պահանջարկի անկումը տեղի է ունենում ոչ հրապարակային ոլորտներում։ Այդ ազդեցությունն արդեն հարվածում է իրական տնտեսությանը․
Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում նավթաքիմիական արտադրողները կանգնեցնում են պլաստիկի արտադրության գործարանները։ Վիետնամից մինչև Նիդերլանդներ գործող ավիաընկերությունները (այդ թվում՝ KLM-ը, SAS-ը և Lufthansa-ն) չեղարկում են չվերթները կամ պատրաստում դրանց զանգվածային դադարեցման ծրագրեր։ Հարավարևելյան Ասիայում ֆերմերները թողնում են հասունացած բրնձի բերքը՝ վառելիքի և պարարտանյութերի անտանելի թանկացման պատճառով։
«Եթե ճգնաժամը ձգձգվի, ինչ-որ մեկը պարզապես չի ստանա ածխաջրածիններ, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության լայնամասշտաբ անկման», – ամփոփում է Ռահիմը։
ՄԷԳ-ն արդեն զրոյացրել է այս տարվա պահանջարկի աճի իր կանխատեսումը։ Օրական 730 հազար բարել սպասվող աճի փոխարեն գործակալությունն այժմ կանխատեսում է անկում։ Սա նավթի պահանջարկի առաջին գլոբալ նվազումն է Covid-19 համավարակից ի վեր՝ 2020 թվականից հետո։