Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.04.2026 | 15:42

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկանն Իսակովի պողոտայի ասֆալտապատումը ձախողում որակեց՝ նշելով, որ առաջին իսկ անձրևից հետո ճանապարհահատվածը վերածվել է լճի։

«Էդ լճի բացման կապակցությամբ ձեզ շնորհավորում են: Կմտնեք իմ «ՏիկՏոկի» էջը, էդ լճերը կտեսնեք: Բալամ, էդ ճանապարհը որ սարքում էիք, չէիք գիտակցո՞ւմ, որ էդտեղ ջրահեռացում պիտի լինի առաջինը»,- ասաց Մանուկյանը։

Նա իշխանություններին մեղադրեց նաև սխալ առաջնահերթությունների մեջ՝ պնդելով, որ ասֆալտապատման մի մասը կատարվում է միայն այն փողոցներում, որտեղով պետք է անցնեն օտարերկրյա հյուրերը։

Բանավեճի ընթացքում Մանուկյանը հրապարակային մարտահրավեր նետեց քաղաքապետին՝ առաջարկելով միասին դուրս գալ փողոց և տեսնել, թե ինչպես են քաղաքացիները ընդունում նրանց։

«Հենց հիմա ասում եմ՝ վաղը չէ մյուս օրը՝ ժամը 12:00-ին, Մալաթիայի Անդրանիկի արձանի մոտ սպասում եմ: Ուրեմն ես ֆիքսեցի՝ ասել եք, մարտահրավերը ընդունված ա: ժամը 12:00-ին սպասելու եմ: Եկեք դուրս գանք, տեսնենք իմ գնահատականը, ձերը»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջազգային միջոցառումների շրջանակում քաղաքը պարտավոր է պատշաճ ընդունել հյուրերին, և այդ նպատակով որոշ փողոցներում ասֆալտապատման աշխատանքները ֆինանսավորվում են կառավարության կողմից։ Նա նաև վստահեցրեց, որ մյուս թաղամասերը չեն անտեսվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment