Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը

Ապրիլի 6-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել էր վարորդների՝ ուղեվճարների հավաքագրման գործընթացին ներգրավված չլինելու համար։ Քաղաքապետն ասել էր, որ «հավաքագրումից կախված է վարորդների արտաժամյայի վճարումները»։

«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրանք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես, հավաքագրման պրոցեսին չեն աջակցում»,- հավելել էր Ավինյանը։

Իսկ արդեն ապրիլի 13-ին Ավինյանը նաև հայտարարել էր, որ վարորդների «աշխատանքային պարտավորությունն» է հետևել, որպեսզի ուղևորները վճարեն տրանսպորտից օգտվելու համար։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Աշխատանքային օրենսգիրքը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ու վարորդի միջև կնքված պայմանագիրը։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ արտաժամյա աշխատանքը այն աշխատանքն է, որը կատարվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությունից ավելի։ Պարզ ասած՝ եթե ձեր աշխատանքային օրը 8 ժամ է կամ շաբաթական 40 ժամ, ապա այդ սահմանը գերազանցող յուրաքանչյուր րոպեն համարվում է արտաժամյա։

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ըստ Աշխատանքային օրենսգրքի, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, բացառությամբ ռազմական դրության ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի, որը կարգավորվում է այլ կերպ։  

Աշխատանքային օրենսգիրքը չի սահմանում, թե որտեղից է գործատուն գտնելու կամ ուղղելու արտաժամյա աշխատանքի համար վճարումները։

Բացի այդ, FIP.am-ն ոսումնասիրել է «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ու հասարակական տրանսպորտի վարորդի հետ պայմանագիրը, որտեղ սահմանվում է, որ վարորդը «պարտավոր է անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Այս պայմանագրի կետը չի խոսում վարորդի կողմից՝ ուղեվարձերը վճարելու պահանջի կամ պարտադրանքի մասին, և ենթակա է տարաբնույթ մեկնաբանումների։

Այսպես, պայմանագրով նախատեսվում է, որ «անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Այսինքն՝ պայմանագրում չկա որևէ դրույթ, որը վարորդին վերապահում է ուղեվարձի վճարումը վերահսկելու կամ այն պարտադրելու պարտականություն։

Այսպիսով, Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վարձատրությունը կարող է կախված լինել ուղեվարձերի հավաքագրումից, հակասում է հայաստանյան օրենսդրությանը։ ՀՀ օրենսդրությունն ասում է՝ արտաժամյա աշխատանքը ենթակա է պարտադիր վճարման՝ անկախ որևէ հավաքագրման ցուցանիշից։

Բացի այդ, վարորդի աշխատանքային պայմանագրով նախատեսված է միայն ուղևորներին զգուշացնելու պարտականություն, ոչ թե ուղեվարձերի վճարումը վերահսկելու կամ պարտադրելու։

Արեն Նահապետյան

The post Տիգրան Ավինյանի պնդումը վարորդների արտաժամյա վճարումների մասին հակասում է Հայաստանի օրենսդրությանը appeared first on FIP.AM.

Leave a comment