«Հըզբոլլահ»-ի առաջնորդը գլխով կվճարի իր գործողությունների համար․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Լիբանանի իշխանությունները չկատարեն «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորմանը զինաթափելու իրենց պարտավորությունները, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հյուսիսային սահմանին սպառնալիքի լիակատար վերացումը։

Ըստ ԱՊԱ-ի՝ զոհված իսրայելցի զինվորների անունները կարդալու արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Կացը ընդգծել է, որ Լիբանանում արշավի վերջնական նպատակը մնում է «Հըզբոլլահ»-ի զինաթափումը և Իսրայելի հյուսիսային համայնքների բնակիչների անվտանգությունը։

Նրա խոսքով, այս նպատակին պետք է հասնել քաղաքական և ռազմական միջոցառումների համադրությամբ։ Սակայն, եթե Լիբանանի կառավարությունը չկատարի իր պարտավորությունները և չհասնի խմբավորման զինաթափմանը, այս խնդիրը կստանձնի Իսրայելի պաշտպանության բանակը։

Նախարարը շեշտել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահի» դիրքերին ինչպես Լիտանի գետի հյուսիսում, այնպես էլ ամբողջ Լիբանանում, անհրաժեշտության դեպքում՝ երկրի հյուսիսային շրջանները պաշտպանելու համար։

Կացը նաև խիստ նախազգուշացում է հղել «Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմին։ Նա ասել է, որ Իսրայելը չի ​​դադարի, մինչև լիովին չքանդի խմբավորման կառուցվածքը, և նախարարը նշել է, որ Քասեմն ինքը կվճարի դրա համար իր սեփական կյանքով։

–00—ՅՄ

Leave a comment